
Ն. Փաշինյան. «Մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ ունենք, 321` անհետ կորած»
Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ կա: Այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանի հարցին: Պատգամավորի խոսքով` զոհերի թիվը շատերի կողմից շահարկվում է:
«Շատ ծանր է թվաբանություն անել, որովհետև ամեն զոհի առկայությունը ծանր է, էստեղ որևէ թվաբանական վարժությունը ծանր է ու տեղին չէ: Նաև հասկանում եմ, որ հանրությանը տեղեկություն է պետք տալ: Այսպիսով` մահվան վկայականներով հաստատված 3621 զոհ ունենք, 321` անհետ կորած, միևնույն ժամանակ ԴՆԹ հետազոտման մեջ գտնվող` 201 մարմին կամ մասունք և ավելի քան 100 նմուշառված մարմին, որոնց նույնականացվել են կոնկրետ հարազատների հետ, բայց հարազատները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ընդունել այդ փաստը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` շատերը պարզապես հավատում են, որ հարազատները ողջ են, գերեվարված են, կան ընտանիքներ, որոնք չեն վստահում ԴՆԹ հետազոտությանը և իրենց նախաձեռնությամբ արտերկրում են ԴՆԹ հետազոտություն իրականացնում:
Վարչապետի ներկայացմամբ` զոհերի ընդհանուր թիվը, ամենայն հավանականությամբ, կլինի շուրջ 4000:
Խորհրդարանն ու Կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը:
Մեկնաբանել