HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կառլեն Խաչատրյան. «Բարեբախտաբար, կարող ենք ասել, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել»

ԵՊՀ-ում նշանակված հոգաբարձուների նիստն այսօր ընթացավ 17 անդամների ներկայությամբ, քանի որ խորհրդի մյուս 15 անդամները հրաժարական են ներկայացրել։ Առաջարկվեց, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվի նաև խորհրդի նախագահի ընտրության հարցը, և խորհրդից դուրս եկած անդամների դիմումների վավերականության հարցը։ Քանի որ խորհրդի անդամներից կեսին ավելին ներկա էր, քվորում կար, նիստն ընթացավ։

Խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը նշեց, որ պետք է նախ և առաջ հասկանալ՝ հրաժարական ներկայացրած անդամների լիազորությունները երբ են դադարում, որին ի պատասխան ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշեց, որ դիմումները չեն ուղղվել հոգաբարձուների խորհրդին։ ԵՊՀ կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն առաջարկեց, որ խորհուրդը գոնե հայտարարության տեսքով անդրադառնա իշխանության ներկայացուցիչների` խորհրդի անդամակցությունից հրաժարվելուն։ Հարցը ներառվեց օրակարգում։

Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հրաժարականները կազմակերպված են կառավարության և լիազոր մարմնի կողմից և 15 անդամները կառավարության կողմից են նշանակվել։ Դիմումներում միայն 1 հոգի է պատճառաբանել խորհրդից դուրս գալու որոշումը, 14 անդամները որևէ ձևով չեն բացատրել դիմում գրելու պատճառը։ Խաչատրյանը նշեց, որ փորձեր են արվել ազդել մյուս անդամների վրա։ Եթե 16 հոգի հրաժարականի դիմում ներկայացներ, խորհուրդը կլուծարվեր։

«Բարեբախտաբար կարող ենք ասել, որ իշխանություններն իրենց ուզածին չեն հասել»,-նշեց Խաչատրյանը՝ վստահեցնելով, որ հաստատակամ են, գործընթացն առաջ են տանելու։ Նրա կարծիքով՝ նախարարությունն ուզում է, որ խորհուրդը ձևավորվի «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի ընդունումից հետո, քանի որ այս դեպքում կունենան 50/50 ձայների հարաբերակցություն, և իրենց ուզած մարդը կընտրվի ռեկտոր։

Խորհրդի նիստը կշարունակվի վաղը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter