
Լուկաշենկոն հույս ունի, որ Արցախի շուրջ պայմանավորվածությունները կդառնան տարածաշրջանում ամուր խաղաղության հիմք
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Արցախում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունները պետք է դառնան տարածաշրջանում ամուր խաղաղության հիմք։ Այդ մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լուկաշենկոն։
«Մենք անկեղծորեն ողջունում ենք ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման շուրջ պայմանավորվածությունները։ Դա կարևոր քաղաքական որոշում էր, որը պետք է տարածաշրջանում դառնա ամուր խաղաղության հիմք»,- նշել է Լուկաշենկոն։ Վերջինիս պնդմամբ՝ իր դիրքորոշման մասին գիտեն և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում։
«Տա Աստված, որ այդ դժբախտությունը հարթվի ու հայ և ադրբեջանցի ժողովուրդների հոգում և սրտում չմնա որևէ բեկոր։ Մի բանում ես համոզված եմ. իմ ընկերոջ և եղբոր կողմից ոչ մի հաշվեհարդար չի լինելու, վրեժխնդրություն չի լինելի»,- հավելել է Բելառուսի նախագահը՝ նկատի ունենալով Իլհամ Ալիևին։
Իր հերթին Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններում, միտված է վստահության ամրապնդմանը։
«Մենք ակնկալում ենք, որ Բելառուսը որպես մեր ընկեր, վստահելի գործընկեր, ակտիվ մասնակցություն կունենա ոչ միայն տարածքների վերականգնմանը։ Բելառուսը՝ որպես Հայաստանին գործընկեր երկիր, որոնք անդամակցում են ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, և Ադրբեջանին մոտ ընկեր, կարող է կարևոր դեր ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- նշել է Ալիևը։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-14-ը երկօրյա պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ադրբեջանի և Բելառուսի առաջնորդներն ունեցել են երկու հանդիպում, որոնցից առաջինը ոչ պաշտոնական ֆորմատով, որի ժամանակ քննարկվել են ադրբեջանա-բելառուսական հարաբերությունների հիմնական ուղղություններն ու երկկողմ համագործակցության ռազմավարական հարցերը։
Պաշտոնական բանակցությունները կայացել են չորեքշաբթի օրը՝ ապրիլի 14-ին։ Կողմերը քննարկել են տնտեսական, սոցիալական և քաղաքական մի շարք հարցեր, այդ թվում՝ առողջապահական, կրթական և զբոսաշրջային ոլորտներում երկու երկրների փոխգործակցությունը։
Լուսանկարը՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել