HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵԱՏՄ երկրները քննարկում են Միության միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի մասնակցության հարցը

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները քննարկում են ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը, որը կկայանա ապրիլի 29-30-ը, Կազանում։ Այդ մասին РБК-ին հայտնել են Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական երեք աղբյուրներ։

Բաքուն կկարողանա Կազան ուղարկել իր ներկայացուցիչներին, եթե Հայաստանը տա իր համաձայնությունը։ Հայկական դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ, որպես համաձայնության նախապայման, հայկական կողմն առաջ է քաշել հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ «Իրավամբ, եղել է այդպիսի գաղափար (խմբ. Բաքվին հրավերը)։ Այնպես չէ, որ մենք սկզբունքայնորեն դեմ ենք։ Մենք ասում ենք, որ կան չլուծված հարցեր, այդ թվում ռազմագերիների հարցը»,- նշել է աղբյուրներից մեկը։ РБК-ի մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ հայկական կողմը կազմել է ռազմագերիների ցանկը, որտեղ ներառված է մոտ 200 անուն, և փոխանցել Կարմիր խաչին։ 

РБК-ի զրուցակիցները չլուծված հարցերի շարքում նշել են նաև տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբերակների քննարկումը։ «Պատկերացրեք երկու շաբաթում լուծել այն խնդիրները, որոնք այսօր առկա են երկու երկրների միջև։ Իհարկե, դա անհնար է. չափազանց խորը հակասություններ»,- ռուսական պարբերականին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ առաջիկայում դժվար թե ադրբեջանական պատվիրակությունը հայտնվի ԵԱՏՄ հանդիպումներին։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունները, РБК-ի հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ ԵԱՏՄ-ում կարգավիճակ չունեցող երկրների մասնակցության հարցը դեռևս քննարկվում է, իսկ ԵԱՏՄ երկրները համաձայնեցված դիրքորոշում դեռևս չունեն։

Ավելի վաղ, Ադրբեջանը հայտարարել էր, որ եվրասիական ընդհանուր տարածքի գաղափարը համապատասխանում է իր տնտեսական շահերին։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, արցախյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո, հայտարարել էր, որ Ադրբեջանի ԵԱՏՄ-ին անդամակցությանը խանգարում էր միայն ղարաբաղյան հակամարտությունը։ «Եթե Հայաստանը ունենա կառուցողական դիրքորոշում, այդ գործընթացը շատ արագ տեղի կունենա»,- նշել էր Բյուլբյուլօղլուն։

Լուսանկարը՝ Sputnik / Владислав Воднев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter