HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Քյուրումյան

Ինչ է անում Կառավարությունը որոշումներ ընդունելով

սկիզբը

Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որոշումները կարելի է դասակարգել ըստ դրանց բնույթի: Հատկապես հետաքրքիր են մի քանի բնույթի որոշումներ:

2019թ. դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Սրանց մեջ կան նաև որոշումներ գույք ամրացնելու կամ գույքի հետ այլ գործարք կատարելու վերաբերյալ

453

Անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու, գույք հետ վերցնելու, վարձակալության տալու, գույք օտարելու, վաճառքը կազմակերպելու, և գույքի հետ կապված այլ գործարքներ կատարելու մասին

(առանց գույքի հետ կապված այն գործարքների, որոնք ներառված են ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշման մեջ փոփոխություններ նախատեսող որոշումների, քանի որ կան նաև այդպիսիք)

144

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ և համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն

55
Համաձայնագիրը վավերացնելու մասին 24

Ներդրումային ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը 3 տարի ժամկետով հետաձգելու մասին

19
Պաշտոնից ազատում և պաշտոնի նշանակում 16

Տարածք հետ վերցնելու, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու, տրամադրելու կամ ամրացնելու մասին

14

Գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն (առանց գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու մասին այն որոշումների, որոնք ներառված են ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշման մեջ փոփոխություններ նախատեսող որոշումների, քանի որ կան նաև այդպիսիք)

7
Ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին 6
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին  5
Աշխատանքային օրը տեղափոխելու մասին 2

Մեծ թիվ են կազմում ՀՀ կառավարության կողմից նախկինում կայացված որոշումներում կատարված փոփոխությունները: ՀՀ վարչապետը երբևիցե չի հետաքրքրվել, թե ինչու է իր Կառավարությունն այսքան շատ փոփոխություններ կատարում իր իսկ կայացրած որոշումներում (ոչ նախորդ իշխանությունների կողմից կայացված որոշումներում):

Կոնկրետ մեկ օրինակ:

2019թ. հոկտեմբերի 31-ի իր №1503-Ն որոշմամբ, որը «զեկուցվող» հարց է եղել, ՀՀ կառավարությունը փոփոխության է ենթարկել 2006թ. օգոստոսի 24-ի №1262-Ն որոշումը, որով հաստատել է դպրոցների ծախսերի հաշվարկման մեթոդաբանությունը: 2019թ. հոկտեմբերին Կառավարությունը պնդում էր, որ վերանում է մարզպետների կողմից վերաբաշխումների անհրաժեշտությունը:

Հանրային քննարկման ժամանակ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (այսուհետ՝ ԿՔՆ) ԿԳՄՍՆ առաջարկն իրատեսական չէր համարել և կարծիք էր հայտնել` որպեսզի ՀՀ բոլոր դպրոցները ֆինանսավորվեն նոր բանաձևով, պետական ֆինանսավորման ծավալները պետք է շեշտակի ավելանան, ինչին ԿԳՄՍՆ-ն պատասխանել էր, որ նոր կարգի դեպքում վերանում է մարզի մակարդակում կատարվող վերաբաշխումների անհրաժեշտությունը: Անտեսելով ԿՔՆ դիտարկումը, Կառավարության նիստ ներկայացված հիմնավորման մեջ ԿԳՄՍՆ-ն շարունակում էր պնդել, որ իրավական ակտով նախատեսված փոփոխության դեպքում թերկոմպլեկտավորված դպրոցների ֆինանսավորման բանաձևում կատարվող փոփոխությունը թույլ կտա «վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը»:

Վերը նշված որոշումն ընդունելուց հազիվ 5 ամիս էր անցնել, և  2020թ. մարտի 5-ին, իր №240-Ն «չզեկուցվող» որոշմամբ ՀՀ կառավարությունը վերականգնեց մարզպետների, դպրոցների բյուջեների միջև վերաբաշխում կատարելու լիազորությունը, քանի որ համաձայն ԿԳՄՍՆ հիմնավորումների «դեռևս չի վերացել վերաբաշխումների անհրաժեշտությունը»:

Կարծում եք ՀՀ վարչապետը ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանին հարցրե՞ց, թե ինչու, երբ 2019թ. հոկտեմբերին առաջարկում էիք փոխել №1262-Ն որոշումը, ասում էիք, որ այլևս վերաբաշխման կարիք չի լինելու, հիմա եկել ասում եք, վերաբաշխումների անհրաժեշտությունը չի վերացել: Կարո՞ղ եք բացատրել: Ձեր կողմից առաջարկվող քաղաքականությունները պետք է հիմնված լինեն փաստերի վրա: Ներկայացրեք փաստերը:

Վարչապետն այդպիսի հարց չի տվել:

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, 
Դու էլ հիշի՛ր, 
Որ երբ իզուր հարց չեն տալիս` 
Սուտ պատասխան չե՜ն ստանում: 
Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա, 
Այլ մտածիր, 
Թե ջրհորի մութ խորության չափման համար 
Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում: 

Հավանաբար Սևակի այս խոսքերը հիշելով վարչապետը որոշել է, որ պետք չէ չափել պետական կառավարման մութ խորությունը: Հանկարծ ու մի թարս հանգամանք ջրի երես դուրս գա, պարզվի, որ նախարարի մոտեցումը մակերեսային է: Մինչև պատերազմը դիտել եմ ՀՀ կառավարության գրեթե բոլոր նիստերի հեռարձակումները: ՀՀ վարչապետը երբեք դժվար հարցեր իր նախարարներին չի տալիս, քանի որ կարող է պարզվել, որ հարցը ներկայացնող նախարարն իր տնային աշխատանքը չի կատարել, որոշման նախագիծը լավ հիմնավորված և փաստարկված չէ, առաջարկությունը հիմնված չէ փաստերի վրա և այլն: Իսկ այդ ամենը տեղի ունի, որովհետև նախարարները վստահ են, որ վարչապետը դժվար հարցեր իրենց չի տալու:

ՀՀ կառավարությունը՝ գույքի գործակալ

2020թ. ընթացքում ՀՀ կառավարությունն անշարժ գույքի հետ կապված 144 որոշում է ընդունել, որոնցով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք է հանձնել, գույք է հետ վերցրել, վարձակալության է տվել, օտարել է, կազմակերպել վաճառքը, գույքի հետ կապված այլ գործարքներ է կատարել: Եվ սա առանց հաշվի առնելու գույքի հետ կապված այն գործարքները, որոնք ներառված են ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի N1919-Ն որոշման մեջ փոփոխություններ նախատեսող որոշումներում: Կան նաև այդպիսիք:

Ինչո՞ւ է ՀՀ կառավարությունը անշարժ գույքի գործակալի գործ անում:

Օրենքնե՞րն են խանգարում: Փոխե՛ք դրանք:

Կառավարության գործը երկրի առաջ ծառացած կարևորագույն խնդիրների լուծումն է, ոչ թե այս կամ այն ՊՈԱԿ-ին կամ հիմնադրամին գույք նվիրաբերելը կամ անհատույց և անժամկետ իրավունքով օգտագործման հանձնելը, կամ գույք հետ վերցնելը, կամ գույքի հետ կապված այլ գործարքներ և գործողություններ կատարելը:

Նախկին համակարգը խիստ կենտրոնացված էր, որտեղ ամենավերևում կանգնած մարդիկ պետք է տեղեկացված լինեին պետական գույքի հետ կատարվող գործարքների և գործողությունների վերաբերյալ: Բնական է, որ այդ համակարգում գույքի հետ կապված բոլոր որոշումները պետք է կենտրոնացած լինեին ամենաբարձր օղակում:

Ինչո՞ւ է անհրաժեշտ պահպանել նախկին համակարգը: Եթե կառավարությունը ՊՈԱԿ կամ հիմնադրամ է ստեղծել, ապա պարզ է, որ վերջինիս գույք է անհրաժեշտ լինելու: Գույքի հաշվառմամբ, գույքն անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրելու կամ գույքը հետ վերցնելու աշխատանքով կարող է զբաղվել կամ տվյալ ՊՈԱԿ-ի կամ հիմնադրամի վերադաս լիազոր մարմինը կամ պետական գույքի կառավարման համար պատասխանատու մարմինը:  Ինչ-որ գնային շեմ սահմանեք և զբաղվեք դրանից ավելի թանկ գույքով, բայց հարկատուների համար ձեր թանկարժեք ժամանակը գնահատեք:

Կառավարությունն ու վարչապետն ունեն հսկողական և վերահսկողական աշխատանքների համար պատասխանատու կառույցներ, որոնք անհրաժեշտության դեպքում, գույքի հետ օրենսդրությանը չհամապատասխանող գործարքների կամ գործողությունների, դրա ոչ նպատակային կամ ոչ արդյունավետ օգտագործման դեպքում կարող են ազդակներ ուղարկել կամ ահազանգել ՀՀ կառավարություն կամ ՀՀ վարչապետին:

Սակայն ամենազարհուրելին դա չէ, այլ այն, որ 2020թ. նոյեմբերի 5-ին ՀՀ կառավարությունը որոշել է, որ անհրաժեշտ է որպես նվիրատվություն գույք ընդունել, այն ամրացնել ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեին և վարձակալության հանձնել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին (ՀՀ կառավարության 2020թ. նոյեմբերի 5-ի №1778-Ա որոշում): Այս որոշման մասին լսող, սակայն այդ օրերին Հայաստանում և Արցախում տեղի ունեցողից անտեղյակ մարդը կարող է չմտածել, որ հայությունը պատերազմի մեջ էր, ոսոխը «դժգույն» Շուշիի պատերի տակ էր և ՀՀ կառավարությունն ավելի կարևոր բան ու գործ չուներ ու կարող էր զբաղվել Վեոլիային գույք վարձակալության հանձնելով:

Եվ եթե ՀՀ կառավարության անդամներն ասեն, որ իրենց թանկարժեք ժամանակը չեն ծախսել և առանց որոշման բովանդակությանը ծանոթանալու են այն ընդունել՝ ավելի վատ, քանի որ հանրությունը չի կարող վստահ լինել, որ մնացած որոշումներին կողմ քվեարկելիս կառավարության անդամները ծանոթանում են դրանց:

Մեկ այլ օրինակ, կամ «Յա էշը կսատկի, յա իշատերը»

2020թ. ապրիլի 30-ի իր №663-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Սակայն 2020թ. ՀՀ ԱԺ-ն կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները քննարկելու ժամանակ չի գտել: 2021թ. հունվարի 21-ին ՀՀ կառավարությունն ընդունել է նոր, №69-Ա որոշումը, որով նորից հավանություն է տվել վերը նշված օրենքի նախագծին և այն անհետաձգելի է համարել:

Ինչու էր ՀՀ կառավարությունն այսքան համառ այս օրենքի հետ կապված և ինչու էր առաջարկվող փոփոխությունն այսքան կարևոր ՀՀ կառավարության համար:

2014թ. ԱԺ-ն ընդունել էր «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն ՀՀ կառավարությունը 2020թ. պետք է պատրաստեր Հայաստանի Հանրապետության՝ որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունները. ֆինանսական վիճակի, ֆինանսական արդյունքի, դրամական հոսքերի, ակտիվներում փոփոխությունների վերաբերյալ հաշվետվությունները և այդ հաշվետվություններին կից ծանոթագրությունները: Այս հաշվետվությունները խիստ կարևոր են Հայաստանի ֆինանսական վիճակի մասին պատկերացում կազմելու համար: Ֆինանսական այդ հաշվետվությունները կարևոր են ցանկացած ընկերության դեպքում: ՀՀ պաշտոնյաներին թողնես կճամարտակեն, որ ընկերությունները պետք է բաց և թափանցիկ աշխատեն, որպեսզի կապիտալի շուկան զարգանա, որպեսզի ներդրողները գան: Դրանք իհարկե տեսական, հիպոթետիկ, ամբոխահաճ խոսքեր են: 2014թ. ընդունված օրենքը յուրահատուկ հնարավորություն էր ստեղծում 2020թ. Հայաստանի Հանրապետության համար պատրաստել այդ հաշվետվությունները: Եվ դա տեսական, հիպոթետիկ և ամբոխահաճ չէր, այլ իրական աշխատանք էր պահանջում:

2014-2017թթ. ՀՀ ֆինանսների նախարարությունը հսկայական աշխատանք է կատարել և հաստատել է մի շարք փաստաթղթեր, որոնք հանրային հատվածում նոր ստանդարտի հիման վրա հաշվապահական հաշվառման կազմակերպման, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման և հրապարակման համար փաստաթղթային հիմք են ստեղծել: ՀՀ ֆինանսների նախարարն իր 2014թ. սեպտեմբերի 11-ի և հոկտեմբերի 24-ի №607-Ա և №725-Ն հրամաններով հաստատել էր «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշառումը կարգավորող իրավական ակտերի ներդրման գործողությունների պլանը» և «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի հաշվապահական հաշառման ստանդարտը», 2015թ. ապրիլի 9-ի, հուլիսի 7-ի և հուլիսի 28-ի №207-Ա, №457-Ն և №523-Ն հրամաններով՝ «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշառման հաշվային պլանը և դրա կիրառման հրահանգը», «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշառման քաղաքականության օրինակելի մոդելը», «Հանրային հատվածի կազմակերպություններում նյութական ակտիվը որպես հիմնական միջոց դասակարգելու նվազագույն արժեքը», 2016թ. հունվարի 8-ի, 2016թ. հունվարի 8-ի և 2016թ. փետրվարի 1-ի №2-Ն, №3-Ն և №37-Ն հրամաններով սահմանել էր «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները», «Հանրային հատվածի կազմակերպություններում նոր հիմնական միջոցների և սկզբնական արժեքով հաշվառվող կենսաբանական ակտիվների մաշվածության հաշվարկման նորմատիվային օգտակար ծառայության ժամկետները» և «Հանրային հատվածի կազմակերպությունների սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը»: Մի շարք այլ կարևորագույն փաստաթղթեր էին հաստատվել, որոնք 2020թ. օրենքով նախատեսված հաշվետվությունները պատրաստելու համար անհրաժեշտ իրավական հիմք են ստեղծել:

Երբ Փաշինյանը ստորագրում էր «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններն արագացված կարգով ընդունելու որոշումը, կարծես չհետաքրքրվեց, որ եթե 2014-2017թթ. այսքան աշխատանք են կատարել, խնդիրները կարգավորող այսքան որոշումներ են ընդունել, ինչու չստացվեց 2019թ. համար պատրաստել այդ ֆինանսական հաշվետվությունները: Մարդկային ռեսուրսները չբավարարեցի՞ն:  Հետագա աշխատանքը չկատարվե՞ց: Թղթի վրա աշխատանքը կատարվում էր, սակայն իրական կյանքում ամեն ինչ նու՞յնն էր:

Կարելի էր ՀՀ վարչապետի աշխատակազմում ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար պատասխանատուին հրավիրել և հարցնել. այ 2018թ. հունվարի 1-ից ՀՀ կառավարության աշխատակազմն այսպիսի հաշվետվություններ պետք է պատրաստեր, պատրաստե՞լ ենք, եթե այո՝ ցույց տվեք, եթե ոչ՝ ինչո՞ւ:

Արդյոք ՀՀ վարչապետն իրեն հարցրեց, թե ի՞նչ աշխատանք պետք է կառավարությունը կատարի հաշվետվությունները 2024թ. համար պատրաստելու համար: Եթե մարդկային ռեսուրսները բավական չէին հաշվետվությունները 2020թ. պատրաստելու համար, ինչպես պետք է դրանք զարգացնել մինչև 2024թ.

ԱԺ-ում 2021թ. մարտի 4-ին հարցի քննարկման ժամանակ էլ, որևէ մեկը չհարցրեց, թե ինչու՞ չպատրաստեցիք այդ հաշվետվությունները, ինչու՞ այսպես եղավ: Ոչ մի հարց, ոչ մի մեկնաբանություն, ոչ մի քննարկում: «Ուղղակի, երկու բառով կարող եմ ասել, որ այս փոփոխությունների արդյունքում մենք կունենանք միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվապահական հաշվառում պետական համակարգում, նաև հնարավորություն կտանք՝ ներքին աուդիտի և Հաշվեքննիչ պալատի աշխատանքների արդյունավետության բարձրացման համար ստեղծել բազա։» Սրանք ԱԺ նիստի ժամանակ հարակից զեկուցող՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանի խոսքերն են: Տնտեսագետ պատգամավորին չէր հետաքրքրել, թե ինչու պետք է հաշվետվությունների պատրաստումը հետաձգել մինչև 2024թ.: Չէ՞ որ եթե կառավարությունը 2018-2020թթ կատարեր ամբողջ աշխատանքը, այդ դեպքում պետական համակարգում «միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվապահական հաշվառում» կունենայինք ոչ թե 2024թ., այլ հիմա՝ 2020թ.: Այդ հարցն առանձնապես չէր հետաքրքրել նաև ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին, որը գլխավորում է ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը և 2020թ. հունիսի 15-ի նիստի №15 արձանագրության համաձայն հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին: Ընդդիմությանն էլ աշխատանքը շատ չի հետաքրքրում, եթե չկա ամբոխահաճ հայտարարություն անելու հնարավորություն:

Հավանաբար, կառավարությունն առաջնորդվում է մինչև 2024թ. «յա էշը կսատկի, յա իշատերը» սկզբունքով:

Պաշտոնի նշանակման մասին

2020թ. ՀՀ կառավարությունը պաշտոնից ազատման և պաշտոնի նշանակման մասին 16 որոշում է ընդունել: Շատ չէ՞: Ինչու՞ է Փաշինյանի կառավարությունն այդպես հաճախ և հանգիստ բարձր պաշտոնների նշանակում և բարձր պաշտոններից ազատում մարդկանց: Ինչպե՞ս են մարդիկ բարձր պաշտոն ստանում Հայաստանում:

2020թ. փետրվարի 27-ի իր №211-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը Վահագն Վերմիշյանին ազատեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Պարոն Վերմիշյանն այդ բարձր պաշտոնին էր նշանակվել 2019թ. մարտի 21-ի նիստի ժամանակ: Այդ որոշման նախագիծը ներառված էր որպես օրակարգի 30-րդ հարց: Ոչ մի հիմնավորում: Նիստի ժամանակ թեկնածուն շատ հակիրճ ներկայացրել է ինքն իրեն: Տեսաձայնագրության համաձայն ասել է, որ կառուցել է «հինգ միլիոնից ավել շինություններ տարբեր երկրներում» (դիտեք 12-րդ րոպեից), Չինաստանում, Դուբայում, Սուդանում, Էրիտրեայում, Ռուսաստանում:  Այդքանը բավական էր, որպեսզի ՀՀ կառավարության անդամները քվեարկեին վերջինիս կոմիտեի նախագահ նշանակելու օգտին: Կառավարության անդամներից որևէ մեկը գոնե չհարցրեց. հինգ միլիոնից ավել շինությու՞ն: Ախր դա հսկայական թիվ է: Հայաստանում շինությունների թիվը չեմ հաշվել, բայց կարծում եմ այդքան շինություն չկա: Մարդն ասում է, որ ավելի շատ շինություն է կառուցել, քան կա Հայաստանում: Կառավարության անդամներից մեկը կարող էր փորձել ճշտել, օրինակ, հինգ միլիոնից ավել շինություններ, թե հինգ միլիոն քառակուսի մետր տարածքով շինություններ:

Ի դեպ, դրանք այն «երանելի» ժամանակներն էին, երբ կառավարության անդամները «կողմ» քվեարկելու համար ձեռք էին բարձրացնում:

Հետաքրքիր է, ՀՀ կառավարության անդամներից որևէ մեկի մտքով անցե՞լ է, չեմ ասում առաջարկել է, հարցազրույց ունենալ պետական այդ կարևոր պաշտոններին հավակնող թեկնածուների հետ: Ախր իրենից, կառավարության անդամից պահանջում են որոշում կայացնել և քվեարկել, կարևորագույն գործերի համար պատասխանատու նշանակելով մարդկանց, որոնց մասին հայտնի չէ, թե որքան տեղեկատվություն ունեն:

Մասնավոր ընկերություններում ամենահասարակ աշխատանքի համար մարդիկ մի քանի հարցազրույց են անցնում: Ի՞նչ ընթացակարգով է անցնում կոմիտեների նախագահների և դրանց համարժեք պաշտոնների թեկնածուների ընտրությունը: Հեղափոխական իշխանության որևէ անդամ իրեն այդ հարցը տվե՞լ է, ՀՀ վարչապետին ինչ որ մեխանիզմ առաջարկե՞լ է: Հետաքրքիր է, ՀՀ վարչապետի մտքով անցե՞լ է, որ Ավինյանն այս մարդու թեկնածությունն առաջարկում է, բայց ինչքանով կարող եմ վստահ լինել, որ լավ թեկնածու է: Ինչու չպահանջել, որպեսզի կառավարության մի քանի անդամ զրուցեն թեկնածուի հետ և իրենց տպավորություններով կիսվեն վարչապետի հետ:

Վերմիշյանի նախորդի, Ավետիք Էլոյանի դեպքում, 2018թ. հունիսի 15-ին, նորից միայն որոշման նախագիծն էր, առանց հիմնավորումների, սակայն այդ դեպքում թեկնածուն ինքզինքը ներկայացնելու կարիք նույնիսկ չուներ : Դրանից մի քանի օր առաջ, 2018թ. հունիսի 11-ին փոխվարչապետ Ավինյանը նույն պաշտոնի համար առաջարկել էր նույն պարոն Էլոյանի թեկնածությունը: Այդ պահին պաշտոնի հավակնորդը ԱՄՆ-ից Հայաստան ճանապարհին էր և գտնվում էր ինքնաթիռում: Դա շատ հետաքրքիր կլիներ այն առումով, որ այդ դեպքում պետական բարձր պաշտոնի կնշանակվեր անձ, որին վարչապետը նույնիսկ չէր տեսել: Այդպես էին կայացվում պետական բարձր պաշտոնին նշանակելու մասին որոշումները 2018-2019թթ. և չկա որևէ փաստ, որ կվկայի, որ 2020թ. աշխատելաոճը փոխվել է:

Ինչի՞ց ելնելով են ՀՀ կառավարության անդամները քվեարկում որևէ կոմիտեի նախագահի նշանակման կամ որևէ պաշտոնի հավակնորդի ԱԺ ներկայացնելու որոշման դեպքում: Կառավարության որևէ անդամ, կամ ՀՀ վարչապետն իրեն այդ հարցը տվե՞լ է: Գիտեինք, կամ կարծում էինք թե գիտեինք թե ինչպես էին կոմիտեների ղեկավարներ նշանակում նախորդ իշխանությունների օրոք: Ի՞նչ փոխվեց նախորդներին 2018թ. ապրիլ-մայիսին իշխանությունից հեռացնելուց հետո:

2018թ. ապրիլին խոսքը ոչ միայն մարդկանց, այլ նաև գործելաոճը, որոշումների կայացման մեխանիզմները և մեթոդները փոխելու մասին էր:

--------------------

Արտակ Քյուրումյանը պետական ֆինանսական կառավարման փորձագետ է

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter