
Կառավարությունն առաջարկում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել
Կառավարությունն ապրիլի 15-ի նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը աշխատանքային օրեր սահմանել: Օրենքի նախագիծը պետք է քննարկվի նաև Ազգային ժողովում:
Ըստ կառավարության հիմնավորման, աշխատանքային օրեր սահմանելով՝ կապահովվի սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի բնականոն գործունեությունը, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրի, արդյունաբերության, ծառայությունների թողարկման ծավալի և այլ բնագավառների վրա։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ օրենքի ընդունմամբ տարեկան ՀՆԱ-ն կաճի 88 մլրդ դրամով կամ մոտ 1.5 %-ով: Համախառն թողարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից առևտրրի թողարկումը՝ 47․5 մլրդ դրամով, արդյունաբերությունը՝ 35․4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը՝ 33․9 մլրդ դրամով, իսկ գյուղատնտեսության և շինարարության թողարկման ծավալները՝ համապատասխանաբար 3.5 և 2.9 մլրդ դրամով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս տեսքով ներկայացվող նախագծին դեմ է, քանի որ այս 5 ոչ աշխատանքային օրերի կրճատմամբ էականորեն նվազեցվում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը։ Թեև ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ հանգստյան օրերի քանակով Հայաստանը գերազանցում է մի շարք երկրների, սակայն դա իրականությանը չի համապատասխանում:
Մեսրոպ Առաքելյանը նաև չհամաձայնեց էկոնոմիկայի նախարարության կատարած հաշվարկի հետ, ըստ որի՝ Հայաստանում ՀՆԱ չի թողարկվում ոչ աշխատանքային օրերին: Այնինչ, առևտուրն ու ծառայությունները ոչ աշխատանքային օրերին ավելի շատ ՀՆԱ են թողարկում: Վերջինս առաջարկեց 5 աշխատանքային օրվա փոխարեն կրճատել 3-ը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել