HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՊՆ աշխատակազմը՝ հանրապետության երկրորդ խոշոր հարկատու. նոր մեթոդաբանության արդյունքները

Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները  2021թ. առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ պետական բյուջե են վճարել 260 մլրդ 170 մլն դրամ: Խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է, հաջորդում է ՊՆ աշխատակազմը։

Այս մասին տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած ցանկից։ Կոմիտեն հայտարարել է, որ հարկերի հաշվարկն արդեն կատարվում է նոր մեթոդաբանությամբ՝ համաձայն կառավարության որոշման:

Այս նոր ցանկում նաև որոշ պետական մարմիններ են ընդգրկվել, ներառվել են բոլոր տնտեսվարողները` անկախ կազմակերպաիրավական ձևից:

Նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին  կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: Նոր փոփոխություններով՝ հաշվի են առնվել նաև միասնական հաշվին վերադարձված գումարները։

Որպեսզի այս տարվա առաջին եռամսյակի ցանկը համադրելի լինի նախորդ տարվա նույն եռամսյակի հետ, ՊԵԿ-ը վերահաշվարկել է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցանկը նոր մեթոդաբանությամբ։ Այդպիսով, փոխվել է ինչպես ընկերությունների ցանկը, այնպես էլ հարկերի ընդհանուր գումարը։ 

Այս փոփոխությունները դեռ երկար ուսումնասիրելու կարիք կլինի, սակայն ցանկը առաջին իսկ հայացքից ուշագրավ տեղեկություններ է պարունակում։ Օրինակ՝ այն, որ ՊՆ աշխատակազմը, փաստորեն, հանրապետության խոշոր հարկատուն է և վճարել է մեծ ծավալի եկամտային հարկ։

Նոր մեթոդաբանության համաձայն՝ 2020 թվականի առաջին եռամսյակում խոշորների վճարած հարկերի ընդհանուր  ծավալը կազմել է մոտ 275 մլրդ 316 մլն դրամ։ Այդպիսով, 2021 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը կրճատվել է 15 մլրդ դրամով կամ 5.5%-ով։ 

2021 թվականի առաջին եռամսյակում հանրապետության խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է, որը պետական բյուջե է վճարել 18.7 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ընկերության հարկերի ծավալն ավելացել է 932 մլն դրամով կամ 5.2%-ով։

Երկրորդ խոշոր հարկատուն «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության աշխատակազմն» է, որը երեք ամսում պետական բյուջե է վճարել 15 մլրդ դրամի հարկեր, որից 12.8 մլրդ դրամը գոյացել է եկամտային հարկի գծով, մոտ 2 մլրդ դրամ՝ ավելացված արժեքի հարկի, մնացածն այլ հարկերն են։ 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ ՊՆ աշխատակազմի հարկերն ավելացել են 6.1 մլրդ դրամով կամ  69%-ով։ Այս աճը գլխավորապես պայմանավորված է եկամտային հարկի գծով վճարված հարկերի ծավալի մեծացմամբ։

Հանրապետության երրորդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն է՝ 9.8 մլրդ դրամի հարկերով։ Հանքարդյունաբերողի հարկերը 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ ավելացել են 4.7 մլրդ դրամով կամ 91%-ով։

Հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը՝ 4.1 մլրդ դրամի հարկերով, որը նվազել է 958 մլն դրամով կամ 19%-ով։

2021 թվականի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների առաջին հնգյակը եզրափակում է ոսկու արդյունահանմամբ ու արտահանմամբ զբաղվող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն, որը պետական բյուջե է վճարել մոտ 3.8 մլրդ դրամի հարկեր՝ 148 մլն դրամով կամ 3.8%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։

Ինֆոգրաֆիկայում ներկայացված ցուցանիշները հաշվարկված են նոր մեթոդաբանությամբ։ 

Վեցերորդ տեղում հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (Վիվա-ՄՏՍ) է, որն այս տարվա առաջին երեք ամսում պետական բյուջե է վճարել ավելի քան 3.5 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այն ավելացել է 149 մլն դրամով կամ 4.4%-ով։

Հաջորդում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն՝ 3.1 մլրդ դրամի հարկերով: Ընկերության հարկերը շեշտակի նվազել են՝ շուրջ 5 անգամ։

 Հիշեցնենք, որ ինչպես «Գրանդ տոբակոն», այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ու «Մասիս տոբակո» ՍՊԸ-ները հայտնի գործարարներ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգի» կազմում են: 

Ութերորդ խոշոր հարկատուն այս անգամ ավտովառելիքի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ՍՊԸ-ն է՝ մոտ 3.1 մլրդ դրամի հարկերով, նվազումը՝ 60 մլն դրամ կամ 2%:

Հաջորդում է ծխախոտի ներմուծմամբ զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն, որի վճարած հարկերը 2021 թվականի առաջին եռամսյակում կազմել են 2.6 մլրդ դրամ՝ 1.3 մլրդ դրամով կամ 33%-ով պակաս, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է ավտովառելիքի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն, որի հարկերը կազմել են 2.6 մլրդ դրամ՝ նվազելով 1.8 մլրդ դրամով կամ 41.1%-ով։

Գլխավոր լուսանկարը՝ mil.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter