HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ 2` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանին

Հարգելի՛ պարոն դեսպան, 

Ստացանք 2012 թ. ապրիլի 2-ի Ձեր նամակ-առաջարկը՝ «...Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումների տարածաշրջանային հանձնախմբեր հիմնադրելու...» մասին։ Նախ ասենք, որ Գերմանահայոց կենտրոնական խորհուրդն (ԳԿԽ) արդեն ստեղծում է այդպիսի հանձնախումբ, միայն ոչ թե Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված, այլ 100-րդ տարելիցը կազմակերպելու համար։ Այս հարցով ԳԿԽ-ի վարչությունը դեռևս 2011 թ. մայիսի 20-ին գրավոր Ձեզ ներկայացրել է իր թեկնածուին ՀՀ համապատասխան կառույցների հետ մեր համայնքի ծրագրերը այս հարցում համադրելու համար։

Ցավում ենք, սակայն, որ ԳԿԽ-ԳԴՀ-ում ՀՀ դեսպան հարաբերությունների Ձեր ստեղծած ներկա անհաճո վիճակը, որն առաջացել Է 2012 թվականի հունվարից ԳԿԽ նախագահ Ազատ Օրդուխանյանի վրա Բեռլինում ՀՀ դեսպանատուն մտնելու Ձեր դրած վետոյի պատճառով, ընդհատել է մեր միջև եղած բնականոն հարաբերությունները։ Երկու ամսից ավելի այս խայտառակությունը պահելով ԳԿԽ-ի վարչության ու նրա ամենանեղ շրջանակում՝ ցանկացանք սպասել Ձեր այդ կոպիտ սխալի ուղղմանը։ Այդ մինչև այսօր չի ուղղվել և մեծ վնաս Է հասցրել մեր ազգային ընդհանուր աշխատանքներին։ Հիշեցնենք, որ պրն Օրդուխանյանի՝ գերմանահայ բազմաթիվ միություններ ու հարյուրավոր անհատներ ներկայացնող կենտրոնական կառույցի ընտրված նախագահի վրա ՀՀ դեսպանատուն մտնելու վետոն համարում ենք գերմանահայ համայնքի դեմքին Ձեր կողմից հասցրած շռնդալից ապտակ։ Այս համայնքն ու նրա կենտրոնական խորհուրդը այդպիսի վիրավորանք չի վաստակել։ Չպետք Է մոռանալ, որ այս կառույցը, իր բոլոր ենթակառույցներով ստեղծման օրվանից ի վեր (1969 թ.) կանգնած Է հայրենի մեր ժողովրդի, սփյուռքյան մեր տարագիրների և Արցախի ժողովրդի կողքին ու անուրանալի վաստակ ունի իր թե՛ սփյուռքյան և թե՛ հայրենի առաքելության մեջ։ ԳԿԽ-ն շատ հարցերում իր լուրջ ծառայությունն է մատուցել նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատանն ու դեսպանությունների կայացմանը, ինչպես նաև Ձեզ։

Երբ տեղեկացանք, որ գերմաներենին բացարձակ չեք տիրապետում և, առհասարակ, անծանոթ եք գերմանահայ համայնքին ու այստեղի հայ մտավորականությանը, մեծ ջանքերի ու տարիների լարված աշխատանքի շնորհիվ աշխատեցինք ապահովել Ձեր մուտքը մեր համայնք, անձամբ փոխանցել մեր բոլոր կապերն ու ծանոթությունները Ձեզ, որպեսզի այսօր Դուք կարողանաք համայնքային աջակցությամբ առաջ տանել մեր պետական ու ազգային գործերը։ Կարծում ենք` դեսպանին վայել չէ քանդել այն մայրուղին, որն ապահովել է նրա մուտքը հայկական բանակ:

Պարոն դեսպան, Դուք արգելում եք ԳԿԽ-ի ղեկավարի մուտքը ՀՀ դեսպանատուն, կտրել եք բոլոր տեսակի կապերը նրա հետ, իսկ նա մեր համայնքային ու արտահամայնքային աշխատանքների կազմակերպման հիմնական պատասխանատուներից է: Դուք պատճառաբանում եք, որ նա ժողովրդավար երկրում Ձեզ Է փոխանցել մեր անդամների ձայնը Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող կոռուպցիայի մասին կամ Ձեզնից պարզ հաստատագրեր է պահանջել ԳԿԽ-ի կողմից ԼՂՀ-ում կատարած ֆինանսական ու նյութական օգնության դիմաց։ Խնդրում ենք ցույց տալ ՀՀ հարցում մեր հայտնագործած հեծանիվը։ Մենք երկար փնտրեցինք այն, բայց չգտանք։ Ընդհակառակը, այդ պարզ ճշմարտությունը լսեցինք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներում, հայկական հեռուստատեսությամբ, կարդացինք ՀՀ վարչապետի ու ՀՀ իշխանությունների զեկույցներում, հայկական մամուլում, սփյուռքյան համայնքներից ստացված լուրերում, ամենուր։ Այդ պարզ ճշմարտությունը մեր համայնքայիններից Ձեզ փոխանցելու համար Դուք մեզ սպառնում եք Ձեր կողմից սիրված արտահայտությամբ՝ «պետական մեխանիզմներով ձեր դեմ կպայքարեմ»՝ մոռանալով, որ Սոմալի չեք եկել, և 1937 թվականից արդեն անցել է ուղիղ 75 տարի։ Ստալինյան այս ժանգոտած արտահայտությունը չգիտենք, թե որ մռայլ նկուղից եք հանել ու Ձեզ հետ բերել-հասցրել Գերմանիա, բայց տեսնում ենք, թե այդ կեցվածքը մեր համայնքայինների շարքերում ինչպիսի ընդվզում Է առաջացնում՝ չնայած, որ մեր շրջանակներում կան մարդիկ, որոնք, միաժամանակ, հաշվի առնելով Ձեր գործոնը, մեր ֆիզիկական անվտանգության համար մտահոգիչ արտահայտություններ են անում։ 

Հարգելի՛ պարոն դեսպան, 

Որևէ լուրջ հիմնավորումից զուրկ Ձեր այդ կտրուկ քայլերը խաթարել են մեր հարաբերությունները, վնասել մեր ազգային աշխատանքներին և անթույլատրելի մթնոլորտ ստեղծել Գերմանիայում։ Մենք փորձեցինք սույն թվականի հունվարի 29-ին Ձեզ մոտ գործուղած ԳԿԽ-ի պատվիրակության միջոցով համատեղ լուծումներ գտնել։ Բայց Դուք մնացիք անզիճող և պահանջեցիք ԳԿԽ-ի նախագահի ներողությունը՝ ՀՀ-ում գոյություն ունեցող կոռուպցիայի մասին ամեն օր լսվող միլիոնավոր ձայների կողքին նրա կողմից ևս մեկ ձայն ավելացնելու «աններելի սխալի» համար։ Կարելի՞ է 21-րդ դարում ավելի աբսուրդ բան պատկերացնել, պարո՛ն դեսպան։ Արժե՞ր, արդյոք, վաղուց հայտնաբերված այդ հեծանիվի վրա մեկ անգամ ավել նստելու համար վտանգել մեր համագործակցությունը և մեր համայնքում առաջացնել ընդվզում ըննդեմ ՀՀ իշխանությունների կադրային քաղաքականության։ Արժե՞ր արդյոք դրա համար Գերմանիայում խափանել ԳԿԽ-ի վարչության ու նրա քաղաքական հանձնախմբի առանձին հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, ի չիք դառձնել մեր մշակած արցախյան հարցի երկարաժամկետ ծրագրերի ներկայացումը Արցախի նախագահին, ամեն գնով ԳԿԽ-ին խանգառել Բեռլինում մասնակցել երկու տարի առաջ իր իսկ նախաձեռնած ու ավանդույթ դարձրած Սումգաիթյան հակաադրբեջանական ծրագրին։ Չարժեին ո՛չ սրանք, ոչ Էլ այն մյուսները, որոնք այստեղ չենք թվարկում։ Առ ի տեղեկություն, պարո՛ն դեսպան, Ձեր այդ վետոն (ապտակը մեր համայնքին) դեռ երկար ժամանակ բացասաբար է ազդելու ԳԿԽ-ԳԴՀ-ում ՀՀ դեսպանություն հարաբերությունների վրա, որոնք տարիների հսկայական ներդրման ճանապարհով էին ստեղծվել։

Ցավում ենք, որ մինչև այս խայտառակությունը չլուծվի, ԳԿԽ-ն իր բազմաթիվ անդամներով հանդերձ ի վիճակի չի լինի մարսել իր և իր համայնքի նկատմամբ այդ հիմնազուրկ վիրավորանքը ու Ձեզ հետ բնականոն աշխատանքային վիճակի վերադառնալ։ Դա ու դրանով պայմանավորված Ձեր վերջին ամիսների քայլերը մեր կառույցների դեմ ազգային ուժերը ջլատելու, մեկը մյուսին դեմ հանելու ձախողման դատապարտված քաղաքականություններ են, որոնք, ցավոք, արդեն իրենց բացասական դրսևորումներն են ստանում մեր համայնքում։ Խնդրում ենք Ձեզ չվերածվել մեր համայնքում աններդաշնակություն առաջացնող գործոնի։ Մենք ավելի քան երկու ամիս սպասեցինք, չբարձրաձայնեցինք այդ մասին, խնդրեցինք մեր անդամներին լռել ու համբերել՝ հավատալով Ձեր բանականության հաղթանակին։ Ցավոք, այն դեռ իրեն սպասեցնել է տալիս։ Այժմ արդեն մարդիկ, չհավատալով Ձեր կողմից ինչ-ինչ նպատակներով արհեստականորեն ստեղծած այս հակամարտությանը վերջ տալու քայլերին, ս.թ. մարտի 31-ին Բեռլինում Ռուսական տանը ՀՀ սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի բեռլինյան մեր համայնքների հետ տեղի ունեցած առաջին հանդիպման ժամանակ բարձրաձայնեցին այս ապազգային քայլի անընդունելիությունը։ Մենք ժողովրդավար երկրում գործող ժողովրդավար կառույց ենք և ստիպված ենք տեղի տալ հարցը բարձրացնելու մեր անդամների կողմից վարչության վրա օրեցօր ծանրացող արդար ճնշումներին և գրել այս նամակը Ձեզ։ Նամակի կրկնօրինակը ուղարկում ենք Ձեր վերադասին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Սփյուռքի նախարարություն և մեր անդամներին։ Այս հարկադրված քայլով ուզում ենք նաև կանխել մեր մի շարք համայնքայինների արդարացված պահանջը, ովքեր ամենայն վճռականությամբ ուզում են ժամ առաջ հարցը քննարկման դնել համաշխարհային հայ մամուլում և հեռուստաալիքներում։ 

Հարգելի՛ պարոն դեսպան, 

Ինչպես մեր վերջին շրջանի նամակներում, այնպես Էլ ս.թ. հունվարի 29-ի Ձեզ հետ մեր պատվիրակության վերջին հանդիպման ժամանակ, հայտնել ենք, որ ԳԿԽ-ի վարչությունը իր կառույցներով ու ենթակառույցներով եղել և մնում է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և հայ սփյուռքի կողքին և, որպես իր ժողովրդի խոնարհ ծառա, անկախ որևԷ դեսպանի քմահաճույքներից գերագույն նվիրումով կշարունակի կատարել իր գործը։

Հարգելի՛ պարոն դեսպան,

Երբ որոշեք վերադառնալ համայնքային մարմինների հետ աշխատելու բնականոն ոգուն, հիշե՛ ք, խնդրում ենք, որ Ձեր՝ «. դու՛րս եկեք Ղարաբաղի դաշտից, մի՛ խառնվեք Ղարաբաղի գործերին, դա մեր գործն է», կամ «...դու՛ րս եկեք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների դաշտից ու զբաղվե՛ ք ձեր համայնքային հարցերով» պահանջները շարունակելու ենք անընդունելի համարել։ Մենք համաշխարհային հայության մի օղակն ենք, և մեր պարտքն Է կատարել մեր ազգային առաքելությունը՝ պայքարել մեր երկու հանրապետությունների և սփյուռքյան մեր ժողովրդի շահերի ու նպատակների համար։

Հուսանք, որ հայ ազգային ոգու և գործի գերակայությունը գերադասելի կդառնա նաև Ձեզ մոտ, և մեր հարաբերությունները կվերադառնան պահանջվող բնականոն հունին։ 

Հարգանքներով՝

Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի վարչություն Մայնի Ֆրանկֆուրտ

4 ապրիլ 2012թ. 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter