HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Այվազյանը Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը

Ապրիլի 15-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի: Նախարար Այվազյանը  ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարին ներկայացրեց Արցախում հումանիտար իրադրության հասեցագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ կարևորելով միջազգային գործընկերների ուղիղ ներգրավումը:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ընթացքի և անհապաղ հասցեագրում պահանջող հումանիտար խնդիրների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների չկատարման հանգամանքի վրա՝ շարունակելով պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

Երկուստեք կարևորվեց հակամարտության գոտում կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը, ներառյալ՝ համապատասխան միջազգային ներգրավմամբ:

Նախարար Այվազյանն ընդգծեց, որ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից խրախուսվող հայատյացության քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև հայկական քրիստոնեական ժառանգության թիրախավորմամբ և Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների փառաբանման համատեքստով «ցուցադրություններով», ուղիղ մարտահրավեր է տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանն ուղղված միջազգային ջանքերին:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը ՀՀ ԱԳ նախարար Այվազյանին ներկայացրեց Հայաստանի սահմանամերձ մարզեր կատարած այցի և դրա շրջանակներում ունեցած հանդիպումների տպավորությունները: Երկուստեք ընդգծվեց սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավունքների լիարժեք պաշտպանության կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter