
Քրգործ՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ. դատախազությունը ԲԴԽ-ի համաձայնությունը ստանալու անհրաժեշտություն չի տեսել
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին առնչվող քրեական գործ է հարուցվել։ Դատախազությունը գործի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում՝ հղում կատարելով ՀՀ դատական օրենսգրքի 51-րդ հոդվածի 7-րդ մասին, որը սահմանվում է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:
«Ելնելով վերոնշյալ իրավակարգավորումներից՝ հարուցված քրեական գործի, դրա շրջանակներում իրականացվող գործողությունների մասին հավելյալ տեղեկատվություն չի տրամադրվում»,- մեզ հետ զրույցում ասաց դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։
Դատախազության մեկնաբանությամբ՝ քրեական գործի հարուցման համար ԲԴԽ-ի համաձայնությունը ստանալու անհրաժեշտություն չի եղել։
«Դատավորի պարագայում առկա է երկու ռեժիմ։ Եթե քրեական գործը, հարուցվող քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը, նման համաձայնություն ստանալու խնդիր չի առաջանում։ Տվյալ դեպքում գործ ունենք նշածս դեպքի հետ»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։
Մեկնաբանել