HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուհերի մագիստրատուրայում այս տարի ընդունելություն կկատարվի մի շարք նոր մասնագիտություններով

Կառավարությունը հաստատել է բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ անվճար, առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Մագիստրոսի կրթական ծրագրով անվճար, առկա ուսուցմամբ հատկացվել է 1391 տեղ, որից 1099-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: 101 տեղ հատկացվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, այդ թվում` 40 տեղ արտերկրի ուսումնական հաստատություններում սովորելու համար: Մագիստրոսական 30 տեղ հատկացվել է Արցախի դիմորդներին, մնացած տեղերը բաշխվել են Հայաստանի Հանրապետությունում գործող միջպետական և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի, ԳԱԱ  գիտակրթական միջազգային կենտրոնի,  Կառավարման ակադեմիայի և միջպետական ծրագրերով ՀՀ-ում սովորող օտարերկրացիների միջև: Նախատեսվել է նաև 9 անվճար պահուստային տեղ:

Տեղերն ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել շահագրգիռ կազմակերպությունների և բուհերի կողմից ներկայացված հայտերը: Նախապատվությունը տրվել է ճարտարագիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի, ճարտարապետության և շինարարության, համակարգչային գիտություններին, ֆիզիկայի, կենսաբանության, գյուղատնտեսական գիտությունների և մաթեմատիկայի ոլորտների մասնագիտություններին:

Բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում 2021/2022 ուսումնական տարում ընդունելություն կիրականացվի մի շարք նոր մասնագիտություններով. «Գեոմատիկա», «Ագրարային ճարտարագիտություն», «Գեոդեզիա և կադաստր», «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր», «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն», «Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ»,  «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Պետական և ռազմական կառավարում», «Արհեստական բանականությամբ համակարգեր», «Միջուկային տեխնոլոգիաների կառավարում», «Նորարարությունների տնտեսագիտություն», «Մարդկային ռեսուրսների կառավարում», «Մարքեթինգային հաղորդակցություններ», «Հանրային ծառայությունների բիզնեսի կազմակերպում և կառավարում», «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» և այլն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter