
Որոնողական աշխատանքի ընթացքում ականապայթյունային վիրավորում է ստացել օպերատիվ խմբի հրամանատարը
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում այսօր կեսօրին ականապայթյունային վիրավորում է ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.): Այս մասին տեղեկացնում է ԱԻՊԾ-ի ֆեյսբուքյան էջը։
Գրառման մեջ նշված է, որ պատահարի հետևանքով Տ.Հ.-ն ստացել է աջ ոտնաթաթի վիրավորում: «Տեղում նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները, այնուհետև որոնողական աշխատանքներ իրականացնող խումբը վերջինիս տեղափոխել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն: Ըստ բժիշկներից ստացված տեղեկատվության՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին վիրահատվում է: Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ, սա՛ փաստորեն արդեն երրորդ դեպքն է: Առաջին դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 23-ին՝ Թալիշ-Մատաղիս հատվածում Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողների հետ, իսկ հաջորդը՝ հունվարի 19-ին՝ Սյունիքի մարզում, երբ դարձյալ ականի վրա պայթել և վիրավորում էին ստացել ՀՀ ԱԻՆ մեր գործընկերները: Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել: Հանրապետական բժշկական կենտրոն են այցելել ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը, տեղակալներն ու համակարգի այլ ծառայողներ»։
Մեկնաբանել