HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրամանագիր՝ Ռուսաստանի կառավարության «վնասակար արտաքին քաղաքականության» պատճառով այդ երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այդ մասին նշվում է Սպիտակ տան պաշտոնական կայք էջում։ 

Նոր պատժամիջոցները կապված են 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության, ԱՄՆ պետական գերատեսչությունների նկատմամբ կիբերհարձակումների և թալիբների հետ Աֆղանստանում ամերիկացիների դեմ դավադրության հետ։

Դեռ այս տարվա փետրվարին Սպիտակ տունը հայտարարել էր, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել բոլոր այն գործողությունների համար, որոնք ամերիկյան իշխանությունները վերագրում են Ռուսաստանին։

Նոր սահմանափակումներն ներառում են պատժամիջոցներ ռուսական տեխնոլոգիական վեց ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան իշխանությունների պնդման, օգնում են ռուսական հատուկ ծառայություններին իրենց կիբերհարձակումներում: Պատժամիջոցներ են սահմանվել նաև 16 ֆիզիկական և 16 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնց ԱՄՆ-ն մեղադրում է ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտության և ապատեղեկատվական արշավներ անցկացնելու մեջ։ Բացի այդ, Ռուսաստանին Ղրիմի միացման պատճառով, պատժամիջոցներ են սահմանվել նաև 5 ֆիզիկական և 3 իրավաբանական անձանց նկատմամբ։

Նոր պատժամիջոցների շրջանակներում նախատեսվում է Վաշինգտոնում ռուսական դիվանագիտական առաքելությունից 10 աշխատակիցների արտաքսում, որոնց մի մասը, ըստ պաշտոնական Վաշինգտոնի, հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են։ Ամերիկյան կողմը նաև սահմանափակումներ է դրել ռուսական պետական պարտքի նկատմամբ։ Այսպես, հունիսի 14-ից ամերիկյան ներդրողներին կարգելվի առաջնային շուկայում գնել պետական պարտատոմսեր, որոնք թողարկվել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության կամ էլ Ազգային բարեկեցության հիմնադրամի կողմից։

Սպիտակ տունը նաև պնդում է, որ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայությունը պատասխանատու է ԱՄՆ պետական գերատեսչությունների նկատմամբ կիբերհարձակումների համար, որոնք իրականացվել են Solar Winds ընկերության ծրագրային ապահովման միջոցով։

Լուսանկարը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter