
Անգելա Մերկելը կպատվաստվի AstraZeneca պատվաստանյութով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ուրբաթ օրը՝ ապրիլի 16-ին կպատվաստվի բրիտանա-շվեդական արտադրության AstraZeneca պատվաստանյութով։ Այդ մասին հայտնում է գերմանական Welt պարբերականը։ Վերջինս նշում է, որ Մերկելը 60 տարեկանից բարձր է, այդ իսկ պատճառով նա մտնում է մարդկանց այն խմբի մեջ, որոնք Գերմանիայում իրավունք ունեն պատվաստվելու AstraZeneca-ով։
Ավելի վաղ, Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, որ կպատվաստվի ընդհանուր հերթով։ Այս տարվա մարտի կեսերին նա հայտարարել էր, որ իր հերթը գալուն պես, մտադիր է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով։
Գերմանիայի իշխանություններն այս պատվաստանյութը թույլատրում են կիրառել տարեց մարդկանց շրջանում։ Ավելի երիտասարդ անձանց պարագայում AstraZeneca-ով պատվաստվելը կիրականացվի միայն բժշկի խորհրդատվությունից հետո։
Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով, կորոնավիրուսի համավարակից ի վեր, Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի 3 092 444 դեպք, մահացել 79 496 պացիենտ։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել