HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Սենթ Վինսենթում ժայթքած հրաբուխը սպառնում է Բարբադոս ու Անտիգուա և Բարբուդա կղզիներին

Կարիբյան ծովի Սենթ Վինսենթ կղզում Սուֆրիեր հրաբխի ժայթքման պատճառով խորանում է հումանիտար իրավիճակը։ Այդ մասին գրում է BBC-ն։ Վտանգի տակ են հայտնվել հարևան Բարբադոս ու Անտիգուա և Բարբուդա կղզիները։ 

ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը կտևի առնվազն մի քանի ամիս և կոչ անում միջազգային հանրությանը միջոցներ հավաքել՝ կարիբյան կղզիներին օգնելու համար։

Սուֆրիեր հրաբուխն սկսել է ժայթքել նախորդ ուրբաթ օրը՝ ապրիլի 9-ին։ Այն գտնվում է Սենթ Վինսենթ կղզու հյուսիսային մասում։ Սուֆրիերը Վեստ Ինդիայի ամենահին հրաբուխներից մեկն է։ Մեր դարաշրջանում այն ժայթքել է մոտ 160 անգամ և հաճախ կործանարար հետևանքներով։ Վերջին անգամ այն ժայթքել էր 1979 թվականին։

Դեռ ապրիլի 9-ից, հրաբխի հարակից շրջաններից, տարհանվել էր մոտ 20 000 մարդ։ «Մենք սպասում ենք, որ ժայթքումը կշարունակվի մոխրի մեծ քանակությամբ դեպի Սենթ Վինսենթ և Գրենադիններ։ Տուժել են նաև հարևան կղզիները, ինչպես Բարբադոսը, որը խիստ է տուժել։ Տուժել են նաև Սենթ Լյուսիան և Գրենադան»,- հայտարարել է տարածաշրջանի հարցերով ՄԱԿ-ի համակարգող Դիդյե Տրեբակը։ Վերջինիս խոսքերով՝ հումանիտար իրավիճակն այնքան լուրջ է, որ կղզիներն օգնության կարիք կունենան ոչ միայն հիմա, այլև՝ հետագայում։ 

Տեղահանված մոտ 4000 մարդ տեղավորվել է ժամանակավոր կացարաններում։ Ընդհանուր առմամբ, այդ կացարանների թիվը հասնում է 90-ի, սակայն, ՄԱԿ-ի ներկայացուցիչների խոսքերով, կացարանների մեծ մասում չկան կյանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ, մասնավորապես, խմելու ջուր։ Տեղահանվածների մի մասն օթևանել է բարեկամների և ընկերների մոտ կամ մեկնել հարևան կղզիներ։ 

Սուֆրիեր հրաբուխը «քնել էր» մի քանի տասնամյակ, սակայն 2020 թվականի վերջին այն սկսել էր ցույց տալ ակտիվության նշաններ՝ պարբերաբար արտանետելով որոշակի քանակությամբ ծուխ։ Հզոր ժայթքման անխուսափելիությունն ի հայտ եկավ մեկ շաբաթ առաջ, երբ նախորդ հինգշաբթի օրը՝ ապրիլի 8-ին, հրաբխի լանջերին հայտնվել էին լավայի թանձրուկներ։ Ապրիլի 9-ի առավոտյան Վեստ Ինդիայի համալսարանի սեյսմոլոգները պաշտոնապես հաստատել էին ժայթքման սկիզբը։

Լուսանկարը՝ telemundonuevainglaterra-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter