
ԱԺ-ն քննարկեց ուսումնարանների և քոլեջների ուսանողներին տարկետում տալու նախագիծը
Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած քաղաքացիներին տարկետում կտրվի:
Նախագծի հիմնական զեկուցող Աննա Կոստանյանի խոսքով` առաջին ընթերցմամբ քննարկմանը կառավարությունը բացասական դիրքորոշում ուներ, սակայն համաձայնության են հանգել, որ սահմանափակումը լինի մինչև սովորողների 20 տարին լրանալը:
«Որպեսզի պաշտապանական ոլորտում բացասական ազդեցություն չունենանք` հատկապես հաշվի առնելով երկրում ստեղծված հետպատերազմական վիճակը»,-ասաց նա:
Ըստ առաջարկի` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:
Նախագծի հարակից զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ իր ելույթում մանրամասնեց` ուսումնարանների և քոլեջների ուսանողները, որոնց ուսումնառությունն ավարտելու համար մնացել է 9 ամիս, փոփոխությունների արդյունքում հնարավորություն կստանան տարկետում ստանալ, ուսումնառությունն ավարտել, այնուհետև զորակոչվել բանակ: Պողոսյանը ողջունեց նախագիծը` կոչ անելով կողմ քվեարկել նախագծին:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց նախագծի վերաբերյալ: Նախագծի քննարկումն ավարտվեց:
Լուսանկարում` Աննա Կոստանյանը:
Մեկնաբանել