HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում անտառային տարածքները կրկին վտանգված են. չեխական ընկերությունը երկրորդ հանքավայրին է հավակնում

Այսօր Լոռու մարզի 5 hամայնքում` Մարգահովիտում, Վահագնաձորում, Վահագնիում, Դեբեդում և Եղեգնուտում, նախնական հանրային լսումներ էին նախատեսված Հանքաձորի նոր պղնձի և ոսկու հանքավայրի ուսումնասիրություններ սկսելու նպատակով: Հանրային լսումները նախատեսել էր «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ՍՊԸ-ն: Սակայն դրանք տապալվեցին բնապահպան-ակտիվիստների և գյուղի բնակիչների միջամտությամբ:

Մարգահովիտում և Վահագնաձորում լսումներ տեղի չունեցան, որովհետև հավաքված բնակիչներն ընկերության ներկայացուցիչներին կտրականապես մերժեցին, իսկ մյուս երեք գյուղերում այլևս լսումներ անցկացնելու փորձ ՍՊԸ-ի ներկայացուցիչները չարեցին:

Ընկերությունը դեռևս Շրջակա միջավայրի նախարարություն չի ներկայացրել նախագծի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտը, որտեղից հնարավոր կլիներ ծանոթանալ նախագծի մանրամասներին: ՇՄՆ-ն պարզաբանել է, որ դեռևս նախնական քննարկում է, որից հետո, համաձայնություն ստանալու պարագայում, հայտը կներկայացվի ՇՄԱԳ-ի:

Վահագնաձորի համայնքապետ Էդիկ Եղոյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ընկերությունը ամենամեծ տարածքն իրենց համայնքից է ուզում ուսումնասիրել: Խոսքը շուրջ 13 քառ. կմ տարածքի մասին է, որի մեծ մասը Վահագնաձորի վարչական տարածքում է: Ավելին, հանքի մուտքը ևս Վահագնաձորից է լինելու, եթե այն շահագործվի:

Էդիկ Եղոյանը նշեց, որ գյուղացիները համաձայնություն չեն տվել, քանի որ ողջ տարածքն անտառային է, քաղցրահամ ջրի աղբյուրներով առատ, իսկ հանք տանող ճանապարհին հանգստի գոտիներ կան` «Լոռի» հանգստյան տունը և մանկական «Գուգարք» ճամբարը:

«Խանգարող շատ բան կա: Նաև իրենց ներկայացրած փաթեթում կան բաներ, որոնք չեն համապատասխանում իրական տարածքներին: Օրինակ` իրենք գրել են` առանց անտառի տարածք, բայց այնտեղ լրիվ անտառ է: Իրենք գրել են` բուսականություն չկա, բայց այնտեղ մեծ բուսականություն կա: Իրենք գրել են, որ սարերում հոսող ջրեր չկան, բայց լիքը, ոչ թե մեկ կամ երկու հատ, այլ լիքը հոսող մաքուր խմելու ջրեր կան, որոնց եթե հանքը կպավ, էլ էդ ջրերը խմելու չի լինի»,- ասաց Եղոյանը:

Ովքեր են հավակնում Լոռու նոր տարածքներին

Նախաձեռնող` «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2018թ. ապրիլի 20-ին: Այդ ընկերության միակ բաժնետերը չեխական «Միներալ վենչրզ ինվեստ» ՍՊԸ-ն է, որը գրանցվել է հայաստանյան ընկերությունից ընդամենը 10 օր առաջ` 2018թ. ապրիլի 10-ին:

Հայաստանյան ընկերության գտնվելու վայրը, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների` Սևան քաղաքում է` Նալբանդյան 19 հասցեում: Այս նույն հասցեում գրանցված է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պողոսյանն իր ընտանիքի անդամների հետ:

Իրական բաժնետերերի մասին հարցերին ընկերության ներկայացուցիչներն այսօր չէին պատասխանում: Իսկ ընկերության շահերը պաշտպանելու և բնակիչներին համոզելու համար եկել էր նաև ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ով առանձնապես խոշոր չափերով յուրացման և խարդախության համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Նրան 2017թ.-ի սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ներում է շնորհվել։

Համաձայն Չեխիայի ընկերությունների գրանցման ռեգիստրի` «Միներալ վենչրզ ինվեստ»-ում 50/50 բաժնեմասով չեխական երկու այլ ընկերություն է բաժնետեր` Zlato a.s. և Gabison Invest, s.r.o.: Այսպիսի տեսք ունի այս ընկերությունների և կարևոր դերակատարություն ունեցող անձանց փոխկապակցվածությունը` ըստ Չեխիայի ընկերությունների ռեգիստրի տվյալների:

«Միներալ վենչրզ ինվեստ» ընկերությունը նաև կայք ունի, որը, սակայն, շատ ընդհանրական է և որևէ կոնկրետ տեղեկատվություն չի տալիս ո´չ գործունեության, ո´չ ակտիվների և ո´չ էլ սեփականատերերի մասին: Հանքեր բաժինն առհասարակ դատարկ է, և մուտքի տվյալներ է պահանջում:

Zlato բաժնետիրական ընկերությունն իր պաշտոնական կայքում երեկ հաղորդագրություն է հրապարակվել, համաձայն որի` «Միներալ վենչրզ ինվեստ» ընկերությունը գործարք է կնքել իռլանդական հանքարդյունաբերական IMC Exploration Group (IMC)-ի հետ` այդպիսով դառնալով վերջինի խոշոր բաժնետերերից մեկը: Իռլանդական այս ընկերությունը զբաղվում է թանկարժեք մետաղների հետախուզմամբ և արդյունահանմամբ: Ինչպես հայտնում է կայքը` ունի Իռլանդիայի երկու հանքավայրի (Avoca a Wexford) լիցենզիա, ինչպես նաև նոր համաձայնագրով ձեռք է բերում Հայաստանում Քարաբերդի հանքավայրի արդյունահանման իրավունքը: Կայքը նշում է, որ այդ հանքավայրն արդեն երկու տարի շահագործվում է:

«Գործարքը բրիտանական և իռլանդական օրենսդրությամբ բնութագրվում է որպես երկկողմանի համաձայնություն, ինչը նշանակում է, որ իռլանդական IMC-ն գնում է Հայաստանի Քարաբերդի հանքավայրը չեխական «Միներալ վենչրզ ինվեստ»-ից և վճարում է իր բաժնետոմսերը դրա դիմաց: Այդպիսով, «Միներալ վենչրզ ինվեստ»-ը դառնում է իռլանդական IMC-ի 51% բաժնեմասի սեփականատեր, և համապատասխան պայմանների կատարումից հետո կարող է դառնալ 60%-ի սեփականատեր»,- բացատրել է «Միներալ վենչրզ ինվեստ»-ի գլխավոր տնօրեն Դավիդ Մարաշեկը:

Կայքի տվյալների համաձայն` Քարաբերդի ընդերքօգտագործման իրավունքը մինչ այժմ պատկանել է «Ասսաթ» ՍՊԸ-ին, որն ամբողջովին չեխական «Միներալ վենչրզ ինվեստ»-ինն է` Zlato խմբի մեջ:

Համաձայն երկրաբանական հետախուզության տվյալների` Քարաբերդի հանքը պարունակում է 6,92 տ ոսկի, իսկ մեկ տոննա հանքաքարն այդ հանքավայրում պարունակում է միջինում 5,4 գրամ ոսկի:

«Դա դարձնում է Քարաբերդը շատ հրապուրիչ հանք, հաշվի առնելով այն, որ աշխարհի հանքավայրերի մեծ մասում մեկ տոննա հանքաքարում 1,5 գրամ ոսկի է պարունակում»,- ասել է Մարաշեկը:

Թե ինչու է նմանատիպ տվյալներ ներկայացրել Zlato-ի կայքը, դժվարանում ենք ասել, սակայն ակնհայտ է, որ ինչ-որ կողմ կեղծ տեղեկատվություն է հրապարակել:

Քարաբերդի հանքի ընդերքօգտագործման իրավունքը Հայաստանում ստացել է «Ասսաթ» ՍՊԸ-ն, և իրական սեփականտերերի ռեգիստրի փաստաթղթում այսօր էլ նշված է Արամ Օսիկյանը` որպես 100% բաժնեմասի սեփականատեր: Եթե այն ձեռք է բերել չեխական ընկերությունը, ապա դա պետք է արտացոլված լիներ նույն փաստաթղթում: Ավելին, Քարաբերդի հանքավայրը չի շահագործվում վերջին տարիներին, և ինչպես մեզ հետ հարցազրույցում նշել էր «Ասսաթ» ՍՊԸ-ի սեփականատերը, ոչ արդյունավետ լինելու պատճառով:

Արամ Օսիկյանի հետ կապ հաստատել չստացվեց: Նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Նոր սեփականատերերը նախատեսել են Քարաբերդի ոսկին արդյունահանելուց հետո վերամշակել «Գեոպրոմայնինգի»-ի ոսկու վերամշակման գործարանում:

Գլխավոր լուսանկարը` Մարգահովիտ ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter