HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեփոխումները տեղական ինքնակառավարման համակարգում. արդյունքներ եւ չհաղթահարված խոչընդոտներ

«Արդյունավետ համայնքային կառավարում» ծրագրով նախատեսել էինք նպատակային եւ արդյունավետ դարձնել համայնքապետարաններում իրականացվող ստուգումները, իրավական կարգավորում տալ տեղական ինքնակառավարման մարմիններում ստուգումների իրականացմանը, ինչպես նաեւ հրապարակային դարձնել ստուգման արդյունքները»,- այսօր «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ծրագրի ղեկավար,  «Հետաքննող լրագրողներ» ՀԿ անդամ Սառա Պետրոսյանը` ամփոփելով անցնող 8 ամիսներին իրականացված ծրագրի արդյունքները: Բանախոսը նշեց, որ տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցության արդյունքում մարզպետարանների նորացված կայքերում ավելացվեց «վարչական հսկողություն» լինկը, եւ մարզպետարանները պարտավորվեցին իրենց իրականացրած վարչական հսկողության ակտերը տեղադրել պաշտոնական կայքէջերում: Դրանով նպատակ ունեին հանրությանը հասանելի դարձնել, թե ինչպիսի կառավարում են իրականացնում համայնքները, ինչ նպատակ է հետապնդում համայնքներում ստուգումների իրականացումը, եւ այն որքանով է նպաստում համայքներում վարչարարության բարելավմանը:

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպության ներկայացուցիչը նշեց, որ ծրագիրը շատ տարողունակ է եղել, աշխատանքները տարվել են 3 ուղղություններով`մասնակցություն տեղական ինքնակառավարման ոլորտում քաղաքականության մշակմանը, մոնիտորինգի իրականացում համայնքներում եւ համայնքային կայքերի համապատասխանեցում  ՏԻՄ օրենսդրության պահանջներին:

«Արդեն հանրապետության 10 մարզերից 6-ը իրենց կայքում լիարժեք հրապարակում են համայնքներում իրականացված հսկողության ակտերը, 3 մարզպետարանների`Կոտայքի, Վայոց ձորի եւ Արարատի կայքէջերում ակտերը թերի են տեղադրված, իսկ Արագածոտնի մարզպետարանն իր կայքում այդպես էլ համապատասխան լինկը չավելացրեց ու չհրապարակեց ստուգման ակտերը»,- տեղեկացրեց բանախոսը եւ ավելացրեց, որ թվարկված մարզպետարանները կայքում կանոնավոր չեն հրապարակում նաեւ համայնքի ղեկավարի եւ ավագանու կայացրած որոշումները: 

Վարչական հսկողությունը արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպությունը տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ նաեւ մամուլի ասուլիսներ էր կազմակերպում մարզպետների հետ, որպեսզի նրանք ամփոփեն համայնքներում իրականացրած ստուգումների արդյունքները եւ թերությունները վերացնելու քայլեր ձեռնարկեն: Ասուլիսից հրաժարվել են Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Ս. Պետրոսյանը նշեց, որ այս ոլորտում իրենց իրականացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարզպետարանների ստուգումները հիմնականում ձեւական բնույթ են կրել, դրանք իրականացվել են տարերայնորեն, քանի որ չկար լիարժեք մեթոդաբանություն, որը միասնական ուղեցույց հանդիսանար բոլոր մարզպետարանների համար: Ուստի, մարզպետարաններից յուրաքանչյուրն իր պատկերացումների սահմաններում էր իրականացնում վարչական հսկողությունը, եւ անկախ հայտնաբերված խախտումների չափերից՝ դրանք հետեւանք չէին առաջացնում, որովհետեւ չէին հրապարակվում: Կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունը առաջարկությունների հետ միասին ներկայացվել է տարածքային կառավարման նախարարություն: Նախարարությունը ներկայացված դիտողություններն ընդունել է ի գիտություն, միաժամանակ համատեղ նախաձեռնել են «Վարչական հսկողության իրականացման եւ կադրային գործի վարման» վերաբերյալ մեթոդական նոր ուղեցույցի մշակումը, որը ներկայումս ընթացքում է: 

«Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը «Արդյունավետ համայնքային կառավարում» ծրագիրն իրականացրել է «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված երկրորդ բանախոսը «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության տեղական ինքնակառավարման քաղաքականության և իրավական հարցերով խորհրդական Հայաստան Ստեփանյանն էր: Կարեւորելով կազմակերպության կատարած աշխատանքը՝ նա տեղեկացրեց, որ Սառա Պետրոսյանի հիշյալ ուսումնասիրությունը ներկայացրել է համայնքների իրավաբանների համաժողովում, եւ այն մեծ հետաքրքրություն է առաջացրել: Սակայն կազմակերպության իրականացրած միջոցառումները կարող են լուրջ արդյունքներ չունենալ, եթե կատարյալ չլինի հսկողության իրականացման մեթոդաբանությունը: «Ուրախալի էր, որ «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը նոր հայտ ներկայացրեց մեթոդաբանության նախագիծ մշակելու, որն արդեն միատեսակ դաշտ կապահովի ստուգումներ իրականացնելու հարցում»,- նշեց տկն Ստեփանյանը:

Նա ներկայացրեց ՏԻՄ ոլորտում «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության  քառամյա ծրագրի ուղղությունները, որոնց նպատակն է հասարակությանը մասնակից դարձնել տեղական որոշումների կայացմանը, որպեսզի այն իրականացվի հանուն ժողովրդի, ժողովրդի մասնակցությամբ եւ ի շահ ժողովրդի: Բացի քաղաքացիական հասարակությանը դրամաշնորհներ տրամադրելուց, կազմակերպությունը ունի նաեւ 43 շահառու համայնքեր` 30 գյուղական եւ 13 քաղաքային, որտեղ համայնքային աջակցության ծրագրեր են իրականացնում: «Պարտադիր պայման է, որպեսզի ծրագրերում 40 տոկոս մասնակցություն ունենան համայնքները: Նաեւ դասընթացներ են իրականացնելու համայնքների աշխատակազմերի եւ ավագանու համար: Հետագայում փորձը կտարածվի մյուս համայնքներում»,- նշեց Հայաստան Ստեփանյանը: 

Սառա Պետրոսյանը տեղեկացրեց, որ մոնիտորինգն իրականացվել է ծրագրում ընդգրկված 5 մարզերի` Սյունիք, Շիրակ, Լոռի, Կոտայք եւ Արմավիր, ավելի քան 100 համայնքներում, դրա հիման վրա հոդվածներ են հրապարակվել «Հետք» էլեկտրոնային թերթում: Լրագրողները տեղերում ուսումնասիրել են, թե համայնքներում ինչպես է կիրառվում ՏԻՄ քաղաքականությունը, համայնքը որքանով է մասնակցում ՏԻՄ կառավարմանը, թեկուզեւ ավագանու մակարդակով: «Չորս կարեւոր հարց կար, որին մեծ ուշադրություն ենք դարձրել`հարկերի հավաքագրումը, ծախսումները, ավագանու դերակատարությունը համայնքի կառավարման հարցում, համայնքապետարանների գործունության հրապարակայնությունը»,- հայտնեց նա: Ապա ավելացրեց, որ լրագրողները հետաքրքիր բացահայտումներ են կատարել, թե համայնքների ղեկավարներն ինչ միջոցների են դիմում կառավարության պահանջած հարկերի հավաքագրման 100 տոկոսանոց ցուցանիշն ապահովելու համար: Սոցիալական օգնությունները տրամադրվում են առանց փաստաթղթերի, իրենց հարազատներին ու մտերիմներին, եւ պարզվել է, որ վերջիններս հիմնականում տեղյակ չեն, որ իրենց անուններով գումարներ են դուրս գրվել: Համայնքների ղեկավարներն իրենց հիմնական պարտավորությունները թողած՝ համայնքային բյուջեից դրամաշնորհներ են հատկացնում դպրոցներին, երբ դպրոցները համայնքային ենթակայության հիմնարկներ չեն եւ այլն:

«Նախորդ տարիներին մեր իրականացրած ծրագրերում մեծ ուշադրություն ենք դարձրել ՏԻՄ-երում թափանցիկ կառավարման գործընթացին: Քարոզչության արդյունքում մեզ հաջողվեց արմատավորել հետեւյալը` ավագանու որոշումները օրինական ուժ չունեն, քանի դեռ չեն հրապարակվել»,- հայտնեց ծրագրի ղեկավարը: Նա նշեց, որ 30-ից ավելի համայնքներ այդ ընթացքում ստեղծեցին կայքեր`իրենց նախընտրելի ոճով, որոնցից շատերը պաշտոնական կայք չէին կարող համարվել, քանի որ դրանցում բացակայում էր տեղական ինքնակառավարումը: Կազմակերպության մոնիտորինգը ներառել է 22 համայնքային կայքեր, որից 20-ը՝ քաղաքային եւ 2-ը՝ գյուղական համայնքների: Նրանց հետ տարված աշխատանքի արդյունքում առայժմ հաջողվել է ՏԻՄ պահանջներին համապատասխանեցնել 10 կայք, որոշ կայքեր վերափոխման ընթացքում են:

Պատասխանելով «Առավոտ» օրաթերթի թղթակցի այն հարցին, թե թերությունների մասին հրապարակումներ չկատարելու համար համայնքների ղեկավարների կողմից ձեզ գումարային առաջարկներ կամ ճնշումներ եղե՞լ են, Ս. Պետրոսյանը պատասխանեց, որ «Հետք»-ի լրագրողների համար դա աշխատոճ չի, բայց շատ հաճախ, երբ ինքը զանգել է համայնքների ղեկավարներին, որպեսզի պայմանավորվի համայնքապետարան այցելելու համար, առաջին հարցը եղել է` «Որքա±ն եք ուզում կամ` ժամանակ չունեմ  հանդիպելու համար, բայց եկեք ձեր ֆինանսական հարցերը լուծենք: «Այսինքն, ինքն արդեն առաջարկում է, որպեսզի այլեւս աշխատանքի մասին չխոսես: Մի քանի փորձից հետո մենք առանց զանգելու էինք գնում համայնքներ»,- ավելացրեց նա: Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ «Հետք»-ի մարզային թղթակիցները հաճախ են ճնշումների ենթարկվում, եղել են դեպքեր, երբ հրապարակումից հետո մեծ խմբով այցելել են նրանց տները ու բացատրություն պահանջել այս կամ այն հրապարակման վերաբերյալ: Երկու տարի առաջ «Հետք»-ի Կոտայքի թղթակցին, որը շատ լավ էր պատկերացում համայնքային խնդիրները եւ լուրջ հոդվածներ էր հրապարակում, մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հրավիրել էր իր աշխատասենյակ եւ հայհոյել, որից հետո խոչընդոտներ ստեղծելով՝ արգելեց նրա գործունեությունը մարզում: Լրագրողուհին այնուհետեւ մեկնեց Ֆրանսիա՝ ուսանելու: 

Լիլիթ Աբրահամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter