HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի տարածքում անօրինական գտնվող ՀՀ մոտ 61 հազար քաղաքացիներ մինչև հունիսի 15-ը պետք է լքեն Ռուսաստանը

ԱՊՀ երկրներից Ռուսաստանում անօրինական գտնվող միգրանտները, մինչև 2021 թվականի հունիսի 15-ը, պետք է լքեն այդ երկիրը, հակառակ դեպքում Մոսկվան քայլեր կձեռնարկի, ընդհուպ մինչև սահմանների փակում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը՝ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական նիստում։ ՌԴ ՆԳՆ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ռուսաստանում այս պահին անօրինական կերպով գտնվում է ՀՀ շուրջ 61 հազար քաղաքացի։ 

«Գործընկերներ, ես կցանկանայի ձեզ դիմել խնդրանքով։ Ձեր քաղաքացիների թիվը, որոնք այսօր գտնվում են իմ երկրի տարածքում, անօրինական է։ Եթե մենք միասին այդ թվաքանակը մինչև հունիսի 15-ը չհեռացնենք, ինչպես նշվում է նախագահի հրամանի մեջ, այդ մարդիկ պատասխանատվության կենթարկվեն, ընդհուպ մինչև արտաքսում և սահմանների փակում»,- նշել է Գորովոյը։

Վերջինս խորհուրդ է տվել հարցը լուծել «զանգվածային լրատվամիջոցների հետ անմիջական աշխատանքի և ԱՊՀ անդամ երկրների բլոգերների միջոցով»։ «Որևէ իրավակիրառ պրակտիկա ձեր երկրների քաղաքացիների նկատմամբ, միգրացիոն ռեժիմների խախտման համար, չի կիրառվի»,- հավելել է ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը։

Ըստ ՌԴ ՆԳՆ տվյալների, բացի ՀՀ 61 հազար քաղաքացիների, Ռուսաստանում անօրինական կերպով գտնվում են նաև Ուզբեկստանի ավելի քան 332 հազար, Տաջիկստանի 247 հազար, Ուկրաինայի 152 հազար, Ադրբեջանի 120 հազար, Ղրղզստանի 115 հազար, Մոլդովայի 56 հազար և Ղազախստանի 49 հազար քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի օտարերկրյա բոլոր այն քաղաքացիները, որոնց Ռուսաստանում օրինական գտնվելու ժամկետը լրանում է 2020 թվականի մարտի 15-ից հետո, կկարողանան օրինական ճանապարհով այդ երկրում մնալ մինչև 2021 թվականի հունիսի 15-ը։ 

Հետաքրքրական է, որ այս տարվա ապրիլի 8-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանում շատ քիչ միգրանտներ են մնացել, որոնք ըստ Պեսկովի, խիստ անհրաժեշտ են «հավակնոտ նախագծերի իրականացման համար»։ Ապրիլի 16-ին Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն կոչ էր արել պատրաստվել աշխատանքային միգրացիայի վերականգնմանը։

2020 դեկտեմբերին ՌԴ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանում գտնվում է 6,3 միլիոն միգրանտ։ Սովորական պայմաններում միգրանտների թիվն այդ երկրում տատանվել է 9-11 միլիոնի միջակայքում։

Լուսանկարը՝ Alexander Avilov / Moskva News Agency

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter