
Ռուսաստանի բնակչության 5,5 %-ը պատվաստվել է COVID-19-ի դեմ
Ռուսաստանի բնակչության 5,5 %-ը կամ ավելի քան 8 միլիոն մարդ պատվաստվել է COVID-19-ի դեմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան՝ Առողջապահության նախարարության կոլեգիայի նիստի ժամանակ։
«Ռուսաստանում պատվաստումների ծավալներն աճում են և դա լավ է։ Այն մեզ հնարավորություն է տալիս մտածել այն մասին, որ ինչ-որ մոտակա ժամանակաշրջանում սահմանափակումները կհանվեն»,- նշել է Գոլիկովան։ ՌԴ փոխվարչապետը հավելել է, որ սահմանափակումները կհանվեն խիստ զգուշավորությամբ, քանի որ «վարակը դեռևս մեզ հետ է»։
Our World in Data գիտական պորտալի տվյալներով՝ 100 մարդու պատվաստումների թվաքանակով Ռուսաստանն աշխարհում զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։ Ցանկի առաջատարներն են Իսրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները։
Ռուսաստանն առաջին երկիրն էր, որը գրանցել է կորոնավիրուսի սեփական արտադրության «Спутник V» պատվաստանյութը։ ՌԴ Առողջապահության նախարարությունը գրանցել է նաև «ЭпиВакКорона» և «КовиВак» պատվաստանյութերը։
Հունվարի 18-ից Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Ռուսաստանում սկսվել են զանգվածային պատվաստումներ։ Կորոնավիրուսի համավարակից ի վեր այդ երկրում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 4,6 միլիոն դեպք։
Լուսանկարը՝ VCG-ի
Մեկնաբանել