
Պուտինն ու Լուկաշենկոն կհանդիպեն ապրիլի 22-ին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն ապրիլի 22-ին։ Այդ մասին ուրբաթ օրը՝ ապրիլի 16-ին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերով՝ Լուկաշենկոն Մոսկվա կժամանի աշխատանքային այցով։
Իր հերթին Լուկաշենկոն, Մինսկում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ բանակցությունների ժամանակ, հայտարարել է, որ «Նախարարների միութենական խորհրդի» նիստը կկայանա ավելի ուշ։
ՌԴ կառավարական պատվիրակությունը ապրիլի 16-ին այցելել է Մինսկ։ «Այսօր մենք կտեսնենք, թե ինչպես կարելի է ինտեգրել մեր համակարգերը։ Ես վաղուց գիտեմ մաքսային և հարկային ծառայությունների բելառուսցի գործընկերներին, նրանք պրոֆեսիոնալներ են»,- նշել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ավելի վաղ, փետրվարի 22-ին, Ալեքսանդր Լուկաշենկոն, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, նշել էր, որ Մոսկվայի և Մինսկի միջև տարբեր ոլորտներում համագործակցության գրեթե բոլոր ճանապարհային քարտեզները պատրաստ են ստորագրման։
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել