
Գյումրեցիներ-Վանյան երկխոսությունը չկայացավ. նրան ճանապարհեցին սուլոցներով և ձվերով
Թեպետ նախորդ օրը հայտարարվել էր, որ «Ասպարեզ» ակումբի դիմաց նախատեսվում է պիկետ անցկացնել ժամը 11-ին, ՀՅԴ տեղի կառույցի նախաձեռնությամբ բողոքի ակցիան սկսվել էր առավոտյան ժամը 8-ից: Ակցիայի մասնակիցներին հաջողվել էր անգամ մի փոքր «քաշքշել» ժամը 9-ին Գյումրի ժամանած Գեորգի Վանյանին եւ «բարեկամաբար» խորհուրդ տալը «շառը» առնել հեռանալ: Վերջինս համառել էր ու մի կերպ սողոսկել ակումբի բաց դռնից ներս:
Արդեն կեսօրին 100-ից ավելի մարդ էր հավաքվել ակումբի դիմաց: Երիտասարդները երգում էին հայրենասիրական երգեր` ծածանելով հայկական դրոշները: «Վանյան հեռացիր» վանկարկումները ոչ մի պահ չէին դադարում: Ադրբեջանական դրոշը, որ սկզբում պարզապես ոտնակոխ էր արվել, երիտասարդներն այնուհետեւ պատառոտեցին` որպես բողոքի նշան: Իսկ փառատոնի կազմակերպիչը, որ բնականաբար լսում եւ տեսնում էր այդ ամենը, շարունակում էր համառել` հրաժարվելով լքել ակումբի տարածքը` հայտարարելով, որ պատրաստվում է մնալ մինչեւ ժամը 15-ը, ֆիլմերի ցուցադրման համար նշանակված ժամը: «Եթե մեկ հանդիսատես անգամ գա, փառատոնը կկայանա»,-լրագրողների հարցապնդումներին ի պատասխան հայտարարեց Գեորգի Վանյանը:
Հասկանալով, որ դրսում սպասելով սայլը տեղից չի շարժվելու՝ մի խումբ գյումրեցիներ եւ տեղի լրատվամիջոցներիի ներկայացուցիչներ որոշեցին հանպատրաստից երկխոսություն սկսել փառատոնի կազմակերպիչների հետ, փորձել բացատրել նրան, որ որեւէ մեկը Գյումրիում չի պատրաստվում գալ այդ ֆիլմերի դիտմանը եւ որ երկու կողմերի համար էլ լավ կլինի, եթե Վանյանը լքի Գյումրին:
Հանպատրաստից կազմակերպված կլոր-սեղան քննարկումը քաղաքապետարանի մշակույթի բաժնի ղեկավարի եւ ԵԿՄ-ական Յուրա Ալեքսանյանի ելույթից հետո քիչ էր մնում վերածվեր ծեծկռտուքի: Վանյանը հայտարարեց, որ չէր սպասում, թե գյումրեցիք այս աստիճան վայրենի կլինեն: Նրան բառացիորեն առաջարկեցին «փասափուսեն» հավաքել ու «ռադ լինել»: «Իսկ ինչխ գուզեիր, օր գլխներիս վրա տեղ տայինք, քեզի նմանին բդի ռադ էնել, էն էլ արագ կարգով, քանի չենք սատկցրել»,- հակադարձեց ԵԿՄ տեղի կառույցի ղեկավարը:
Ի վերջո, ժամը 13:00-ին ցուցարարների ճնշման ներքո Գեորգի Վանյանը հայտարարեց, որ հրաժարվում է փառատոն անցկացնելու մտքից: Պահանջում է ոստիկաններից ապահովել իր անվտանգությունը, հեռացնել ակտիվիստներին «Ասպարեզ» ակումբից նվազագույնը 4 մետր եւ ապահովել իր անվտանգ մեկնումը Երեւան: Ուղիղ կես ժամ պահանջվեց, որ Գ. Վանյանը հետնամուտքից լքի ակումբի տարածքը: Սակայն նրան չհաջողվեց խուսափել ձվերի տարափից: Հետնամուտքի մոտ կայանած մեքենայի մոտ հավաքված բազմությունը, գոհ տարած հաղթանակից, բավարարվեց սուլոցներով ու ձվեր նետելով:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել