HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անվանակոչություն՝ Աղավնատան դպրոցում. արցախյան 2-րդ պատերազմում գյուղը երկու երիտասարդ կորցրեց

Կիրակի է՝ ոչ աշխատանքային օր, սակայն Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքի միջնակարգ դպրոցը մարդաշատ է: Դպրոցում բաց է միայն երկու դասասենյակ: Դրանցից յուրաքանչյուրի մեկական նստարանի վրա աշակերտական պայուսակ, գրքեր, տետրեր ու ծաղիկներ են դրված: Այս դասասենյակներում սովորել են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված, ժամկետային զինծառայողներ Արզուման Շմավոնյանն ու Կարեն Ներսեսյանը:

Այսօր դասասենյակների անվանակոչման միջոցառումն էր: Աշխարհագրության դասասենյակն այսուհետ կրելու է Արզուման Շմավոնյանի անունը: Միջանցքում՝ դասասենյակի դիմաց, կանգնած էր Արզումանի դասղեկը՝ աշխարհագրության ուսուցչուհի Հեղինե Անդրեասյանը: Դեռ կարմիր ժապավենը չէին կտրել, նա հուզված սպասում էր միջոցառման մեկնարկին:

Հեղինե Անդրեասյանը 37 տարի աշխատում է դպրոցում, սա առաջին դեպքն է, որ իր աշակերտները բանակից չեն վերադարձել: Մինչ օրս չի հաշտվում այդ մտքի հետ:

Արզումանի դասընկերները շարունակում են զինվորական ծառայությունը, նրանցից 3-ը վիրավորվել են և հիմա բուժում են ստանում: Հեղինե Անդրեասյանը բոլորի համար անհանգստանում է, հետաքրքրվում նրանց առողջությամբ:

Նա սովորականի նման Արզումանին էլ է բարի ծառայություն մաղթել բանակ ճանապարհելիս և սպասել նրա վերադարձին: Արզումանին բնութագրում է որպես շատ հանգիստ, հավասարակշռված, հումորով տղա: Նա դասարանում եղել է ամենից ավագը: Առաջինն էլ բանակ է զորակոչվել:

«Մեր իրականությունը մի քիչ գորշ էր, որ ասեմ՝ ամեն ինչ պայծառ էր, սուտ կլինի: Յուրաքանչյուր ծնող էլ գիտեր, որ իր տղան բանակ է գնում, սահմանին է կանգնելու: Մի փոքր հողակտոր ունենք, ու չորս կողմը սահման է: Անհանգիստ ենք միշտ եղել, որ անփորձանք վերադառնան: Բոլորն էլ այդ զգացողությունն ունեցել են: Ես էլ եմ ունեցել, որովհետև երկու զինվոր էլ ես եմ ճանապարհել բանակ: Բայց նման վերջաբանի չէինք սպասում»,-ասում է Հեղինե Անդրեասյանը:

Աշխարհագրության ուսուցչուհին դժվարանում է առանձնացնել ծառայության մեջ գտնվող իր աշակերտներից որևէ մեկին։ Ասում է՝ դպրոցում խելոք էին, դասից տուն էին գնում, դաշտում աշխատում, չեն էլ պատկերացրել, որ նրանք կարող են սխրանքներ գործել:

Արզումանը տանկիստ էր: Հոկտեմբերի սկզբին վիրավորվել է: Նրան տեսակցելու գնացած ավագ եղբայրը համոզել է օգտվել հրամանատարության տրամադրած «մայրական խնամք» արձակուրդից և մի քանի օրով տուն գալ։ Անգամ առաջարկել է իր փոխարեն գնալ մարտական ծառայության, միայն թե Արզումանը տուն գնա, կազդուրվի: Բոլոր փորձերն ապարդյուն են անցել: 7 օր հոսպիտալում մնալուց հետո, առանց լիարժեք բուժվելու, Արզումանը ոտքի ցավով վերադարձել է մարտադաշտ:

Զոհվել է 2020թ. հոկտեմբերի 28-ին: Այս տարվա հունվարի 21-ին նա կդառնար 20 տարեկան: Արզումանը մանկուց է սեր ունեցել տանկերի նկատմամբ: Խաղալիքների մեծ մասը տանկեր են եղել: Պատահական չէր, որ այսօրվա միջոցառման ժամանակ նրան այսպես բնութագրեցին. «Երազում էր տանկ նստել, բայց ինքը երազ դարձավ»:

Դպրոցի մաթեմատիկայի դասասենյակն էլ անվանակոչվեց Կարեն Ներսեսյանի անունով: Նա ընդամենը երկու ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:

Կարենի մայրը՝ Իննա Ներսեսյանը, դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին է: Մանկավարժների բնութագրմամբ՝ չափազանց զուսպ է եղել, համեստ: Դպրոցն ավարտելուց հետո Կարենն ընդունվել է համալսարան ու մեկնել բանակ: Նա այդպես էլ ուսանողի աթոռին չնստեց:

Հոկտեմբերի կեսերից ընտանիքը Կարենի մասին լուր չի ունեցել: Մանկավարժներն ամեն օր մորից հարցրել են, թե ինչ նորություն ունի: Իննա Ներսեսյանն ամեն անգամ բացասական պատասխան է տվել, սակայն հույսը չի կորցրել:

«Մայրը միշտ ասում էր՝ նորություն չունեմ, բայց գիտեմ՝ իմ որդին ողջ է: Բառեր չեմ գտնում ծնողներին ասելու»,-Կարենի անվան դասասենյակում ասաց Աղավնատան միջնակարգ դպրոցի տնօրեն Մանյա Զոհրաբյանը:

Տղան զոհվել է պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 27-ին: Կարենը եղել է այն 6 զինծառայողների թվում, ովքեր օրեր շարունակ թաքնվելով անտառում՝ պայքարել են Ադրբեջանի զինված ուժերի շրջափակումից դուրս գալու համար: Զինծառայողների մի մասը փրկվել է, սակայն 6 հոգու ադրբեջանական ուժերը գտել ու սպանել են:

Մինչև դասասենյակների անվանակոչումը դպրոցի աշխատակազմը՝ ուսմասվար Կիմա Խաչատրյանի գլխավորությամբ, միջոցառում էր կազմակերպել «Խաղաղություն ենք ուզում» խորագրով: Ներկա էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանը և այլք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter