HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Danske Bank-ի ղեկավարը փողերի լվացման հետաքննության պատճառով հրաժարական է տվել

Քրիս Ֆոգելզանգը հրաժարական է տվել դանիական Danske Bank-ի ղեկավարի պաշտոնից։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Ֆոգելզանգի հրաժարականը պայմանավորված է Նիդերլանդների իշխանությունների կողմից տեղական ABN Amro բանկի նկատմամբ իրականացվող հետաքննությամբ, որը Ֆոգելզանգի նախկին աշխատավայրն է։ 

Հետաքննության մեջ Քրիս Ֆոգելզանգը մեղադրվում է կոռուպցիոն գործարքների իրականացման մեջ։ «Հոլանդական իշխանությունների որոշումն ինձ համար անսպասելի էր»,- հայտարարել է նա։ Վերջինիս խոսքերով՝ մեղադրյալի կարգավիճակը չի նշանակում, որ իրեն պաշտոնական մեղադրանք կառաջադրվի։

Հետաքննությունն էական բացթողումներ է հայտնաբերել ABN Amro բանկի 2014-2020 թվականների գործունեության մեջ։ Ապրիլի 19-ին հոլանդական բանկի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ բանկը պարտավորվել է Նիդերլանդներին վճարել 480 միլիոն եվրո։ 

Ֆոգելզանգը 2000-2017 թվականներին մի շարք պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ABN Amro-ում, այդ թվում՝ ղեկավարել նրա մանրածախ գործարքները և եղել կառավարման խորհրդի անդամ։ Նա Danske Bank-ում աշխատանքի է անցել 2019 թվականի մայիսին, այն բանից հետո, երբ Դանիայի խոշորագույն բանկն իր էստոնական մասնաճյուղի միջոցով հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ փողեր էին լվացվել  նախկին խորհրդային երկրներից։

2018 թվականի օգոստոսին դանիացի հետաքննիչները հայտնել էին Danske Bank-ում ստուգումներ անելու մասին։ Ավելի ուշ, ֆինանսական կառույցի ներքին հետաքննությունը պարզել էր, որ կասկածելի է 2007-2015 թվականներին բանկի էստոնական մասնաճյուղի միջոցով իրականացված գործարքների մեծ մասը։ Դրանց ընդհանուր արժեքը կազմել էր մոտ 224 մլրդ դոլար։

2019 թվականի փետրվարին Բանկային վերահսկողության եվրոպական գերատեսչությունը Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի միջոցով փողերի լվացման գործով պաշտոնական հետաքննություն էր սկսել Դանիայում և Էստոնիայում վերահսկիչ մարմինների նկատմամբ: Նույն ամսին բանկի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Danske Bank-ը դադարեցնում է իր գործունեությունը Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Ռուսաստանում:

Լուսանկարը՝ Danske Bank-ի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter