
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 10 համայնքների ղեկավարներ կեղծիքների միջոցով պետությանը 109 մլն դրամի վնաս են պատճառել
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած 10 համայնքների ղեկավարներ 2020թ. դեկտեմբեր և 2021թ. հունվար ամիսներին ՀՀ կառավարության որոշմամբ աջակցման միջոցառումների ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների ցուցակներում ծրագրի շահառու չհանդիսացող 366 քաղաքացիների տվյալներ են մուտքագրել եւ յուրացրել տեղահանվածներին տրամադրվող միանվագ, յուրաքանչյուրին՝ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցությունը։ Նրանց գործողությունների հետեւանքով պետությանը պատճառվել է 109 մլն 800 հազար դրամ։
Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ են ընդունվել այս դրվագներով հարուցված քրեական գործերը: Ստորեւ՝ Արցախի ՔԿ հաղորդագրությունը։
«ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ են ընդունվել ներկայումս Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած թվով 10 համայնքների ղեկավարների կողմից 2020թ. դեկտեմբեր և 2021թ. հունվար ամիսներին պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու կարեկցանքով պայմանավորված, ՀՀ կառավարության որոշմամբ աջակցման միջոցառումների ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով, տվյալ ծրագրի շահառու չհանդիսացող ընդհանուր թվով 366 քաղաքացիների տվյալներ ցուցակագրելու և հիշյալ ցուցակները ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկելու, արդյունքում վերջիններիս կողմից տեղահանվածներին տրամադրվող միանվագ, յուրաքանչյուրին՝ 300.000-ական ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու և պետությանը ընդհանուր՝ 109.800.000 ՀՀ դրամ նյութական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործերը»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել