HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանը և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզում են

Ապրիլի 19-ի մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի գրասենյակը։

«Սյունիքի մարզի Խնածախում առաջնային հարցն է գյուղի բնակիչների իրավունքների վերականգնումը, որ ոտնահարվել են ադրբեջանական զինված ուժերի գյուղի անմիջական հարևանությամբ հայտնվելուց պատճառով: Գյուղի բնակիչներն անվտանգության խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողատարածներից ու այգիներից, չեն կարողանում օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները: Այս վիճակի պատճառով էլ մարդիկ զրկվում են իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Այսինքն՝ խախտված են նրանց սեփականության, տնտեսական գործունեության և կենսական կարևորության սոցիալ-տնտեսական այլ իրավունքներ: Դրանից բացի, վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ:

Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների լավագույն շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից: Խնածախում բնակիչների հետ քննարկվեցին նաև նրանց հուզող այլ հարցեր՝ կապված սահմանամերձ համայնք դառնալուց հետո գյուղի բնակիչների իրավունքներին, սոցիալ-տնտեական հարցերում պետության աջակցությանը, երեխաների իրավունքների հարցեր, մասնավորապես՝ կապված մանկապարտեզ և դպրոց երեխաների հաճախելու, նրանց կրթության հետ և այլն: Գորիս քաղաքում Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ տեղի ունեցան համատեղ քննարկումներ Գորիս համայնքի ղեկավարի, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ և գյուղական մի շարք այլ բնակավայրերի ղեկավարների, ինչպես  նաև Սիսիան համայնքի ղեկավարի հետ: Մանրամասն քննարկվել են համայնքներում մարդկանց իրավունքներին վերաբերող, նրանց հուզող խնդիրները:

Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է: Այս եզրահանգումն ունի իրավական կոնկրետ հիմնավորումներ, որոնք նրանց ներկայությունն ընդհանրապես դարձնում են ապալեգիտիմ: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանը նշել է բազմիցս:

Կարևոր է նախագահի դիրքորոշումն այն մասին, որ սահմանների հարցում առկա է անորոշություն ու այս վիճակը խախտում է գյուղերի բնակիչների իրավունքները: Հետևաբար, ակնհայտ է, որ Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի: Նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter