
Ֆինանսների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ քննարկում է տեղի ունեցել
Այսօր Ֆինասների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել վերապատրաստում-քննարկում, որին մասնակցել են ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացների կազմակերպման վարչության աշխատակիցները: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Քննարկումը կազմակերպվել է 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում:
ՖՆ բյուջետային գործընթացների կազմակերպման վարչության պետի պարտականությունները կատարող Ռուզաննա Գաբրիելյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և կարևորել նման հնարավորությունը՝ մասնագիտական հմտությունները կատարելագործելու առումով:
Ռուս փորձագետներ Դմիտրի Անդրեևը և Ալեքսանդր Եվիչը առանձին զեկույցներով ներկայացրել են Հայաստանի առողջապահության և կրթության ոլորտում մի քանի ծրագրերի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրություններն ու տրամադրել գիտամեթոդական և տեխնիկական աջակցություն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում:
Բացի այդ, ռուս փորձագետները պատասխանել են Ֆինանսների նախարարության աշխատակիցների բազմաթիվ հարցերի, ծավալվել է մասնագիտական ակտիվ քննարկում:
Նշենք, որ 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի եռամյա գործունեության ընթացքում անցկացվել են ընդհանուր առմամբ 33 միջազգային, 56 կրթական սեմինարներ, որոնցում իրենց հմտություններն են զարգացրել ՀՀ ֆինանսների նախարարության բազմաթիվ աշխատակիցներ:
Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են ֆինանսատնտեսական ոլորտը կարգավորող օրինագծեր, փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում, բարեփոխումների հայեցակարգ միջազգային հարկահավաքության և թվային տնտեսության ոլորտում և այլն», - նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել