
Հայկական գինիների մրցարշավը «PRODEXPO-2021»-ում
«ProdExpo-2021» միջազգային ցուցահանդեսում «Armenia Wine» ընկերությունը մրցութային ժյուրիի որոշմամբ պարգևատրվել է երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալներով
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ս.թ. ապրիլի 16-ին ավարտվեց «ProdExpo-2021» սննդաարդյունաբերության 28-րդ միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցեցին շուրջ 1554 արտադրողներ 55 երկրներից: Միջազգային այս խոշորագույն ցուցահանդեսը գործընկերներ ձեռքբերելու, ոլորտի հիմնախնդիրները քննարկելու, նոր շուկաներ գրավելու և արտադրանքը սպառողին ներկայացնելու լավագույն հարթակներից մեկն է:
Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվող խմիչքների միջազգային համտեսման մրցույթի ընթացքում ներկայացուցչական ժյուրին՝ գինեգործներ, փորձագետներ, սպառողների միությունների ներկայացուցիչներ և քննադատներ, ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան, գնահատել են մրցույթի մասնակից շուրջ 800 ապրանքատեսակ:
Գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ամենամյա այս ցուցահանդեսի շրջանակում արդեն 9-րդ տարին է, ինչ հայկական գինիները իրենց գերազանց համային որակով գրավում են այցելուների ուշադրությունը և սրտերը՝ ստիպելով մշտապես ընտրել հայկական գինիները։ «Armenia Wine» գինեգործարանը այս տարի նույնպես հյուրընկալվեց ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր նրբահամ գինիների ու կոնյակների տեսականիները, որոնք, արժանացան թե՛ սպառողների, թե՛ միջազգային խոշոր գործընկերների բարձր գնահատականին։
«Յուրաքանչյուր անգամ, ներկայացնելով մեր գինիները և կոնյակները միջազգային ցուցահանդեսներում, մենք միաժամանակ ներկայացնում ենք Հայաստանի գինեգործության և կոնյակագործության հազարամյա պատմության լավագույն ավանդույթները՝ արժանանալով բարձրագույն գնահատականների՝ երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մրցանակներով։ Մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով, քանի որ ժամանակակից գինեգործության խորհրդանիշ դարձած մեր ընկերությունը ցուցահանդեսի այցելուներին ներկայացավ ոչ միայն իր գերազանց համային որակով, այլ ևս մեկ անգամ բարձր պահեց հայկական գինու և կոնյակի մշակույթը»,-ամփոփեց ընկերության կոմերցիոն տնօրեն՝ Քրիստինե Վարդանյանը։
Ինչպես տեղեկացրեցին «Armenian Wine» գինեգործարանից, ոսկե մեդալներով պարգևատրվել են «Armenia» ապրանքանիշի սալորի կարմիր կիսաքաղցր և «Yerevan BC 782» ապրանքանիշի նռան կիսաքաղցր գինիները, «Orran» սպիտակ չոր և «Takar» սպիտակ Extra Brut գինիներն արժանացել են արծաթե մեդալների, իսկ «Orran» ապրանքանիշի կարմիր չոր գինին պարգևատրվել է բրոնզե մեդալով:
Մեդալի արժանացած «Orran» գինիները հայ գինեսերներին է ներկայացվել դեռևս այս տարվա ապրիլի սկզբին, սակայն արդեն հասցրել է արժանանալ բարձր գնահատանքի հայ սպառողների կողմից:
Գովազդ
Մեկնաբանել