HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ-ում քննարկեցին հայ ռազմագերիների և տեղահանվածների հարցը

ԵԽԽՎ-ում րոպեներ առաջ ավարտվեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և տեղահանված անձանց վերաբերյալ քննարկումը, որի ընթացքում ելույթ ունեցան մեկ տասնյակից ավելի պատվիրակներ տարբեր երկրներից։

Ելույթ ունեցածների ճնշող մեծամասնությունը դատապարտեցին Ադրբեջանին անցած տարվա նոյեմբեր ամսին երկու կողմերի միջև կնքված համաձայնագրի կետերը չկատարելու, մասնավորապես` հայ ռազմագերիներին չվերադարձնելու համար։

Պատվիրակներից շատերը նշեցին, որ չվերադարձնելով հայ գերիներին և նրանց ենթարկելով անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների` Ադրբեջանը կոպտորեն խախտում է Ժնևի կոնվենցիան և պատերազմներին վերաբերող միջազգային օրենքներն ու նորմերը։

«Ցավոք, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ հայ գերիները իրականում ահաբեկիչներ են և հրաժարվում է վերադարձնել նրանց»,- նշեց ֆրանսիացի Ալեքսանդրա Լուին՝ Հանուն Եվրոպայի լիբերալների և դեմոկրատների դաշինքից (ADLE):

Սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների խմբից իտալացի պատվիրակ Ռոբերտո Ռամպին հիշեց, որ Եվրոպայում բոլոր երկրները անցել են դաժան պատերազմների միջով և ունեցել են արյունալից, բռնությամբ լի շրջաններ իրենց պատմության ընթացքում, բայց մեծ դժվարությամբ կարողացել են հասնել խաղաղության։ Ռամպիի խոսքով` նույնը հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Ադրբեջանից ելույթ ունեցան երկու պատվիրակ՝ Ռաֆայել Հուսեյնովն ու Կամալ Ջաֆարովը։

Վերջինս իր ելույթի սկզբում հայտնեց՝ ադրբեջանական պատվիրակությունը հիասթափված է, որ ԵԽԽՎ-ն որոշել է այս թեմայի շուրջ քննարկում անցկացնել։ Նրա կարծիքով` այս թեմայով քննարկում անցկացնելու հայկական պատվիրակության առաջարկը քաղաքական ենթատեքստ ունի՝ շուտով Հայաստանում արտահերթ ընտրություններ են, և պետությունը փորձում է ժողովրդին ցույց տալ, որ դեռ ունակ է ինչ-որ բան փոխել։ Ջաֆարովը մեղադրեց ԵԽԽՎ-ին այն բանի համար, որ կառույցը տարիներ շարունակ աչք է փակել առաջին պատերազմից հետո «շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի տեղահանվածների խնդիրների վրա»։ Իր ելույթի վերջում Ջաֆարովը պնդեց, թե Հայաստանը պատրաստվում է ռևանշի, հայ գերիներին անվանեց ահաբեկիչ և հռետորական հարց տվեց՝ արդյոք ԵԽԽՎ-ն աջակցում է ահաբեկչությանը։

«Ձեզ երբևէ անվանե՞լ են շներ։ Մեզ անվանել են. Ադրբեջանի նախագահ Ալիևը սոցիալական իր ցանցերում գրել է, որ հայերին հետապնդելու է շան պես։ Ձեզ երբևէ անվանե՞լ են հոգեկան հիվանդ։ Մեզ անվանել են. Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ հայ հասարակությունը հոգեկան հիվանդ է։ Դուք երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես են ոչնչացնում ձեր ժողովրդի կրոնական և մշակութային կոթողները։ Մենք տեսել ենք։ Դուք երբևէ տեսե՞լ եք Մադամ Տյուսոյի թանգարանի ռասիստ տարբերակը։ Մենք տեսել ենք. Ադրբեջանը բացել է հաղթանակի զբոսայգին, որում տեղադրել է հայ զինվորների անմարդկային խրտվիլակները՝ մահանալիս կամ արդեն մահացած։ Ադրբեջանը արել է այն, ինչ որևէ այլ եվրոպական երկիր չի արել՝ ինստիտուցիոնացրել է ատելությունը հայերի նկատմամբ»,- իր ելույթում նշել է Ռուբեն Ռուբենյանը։

Հայաստանից ելույթ է ունեցել նաև Միքայել Մելքումյանը։

Նիստը տևեց շուրջ մեկ ժամ։ Այն շարունակվելու է վաղն առավոտյան։

Հիշեցնենք, որ թեման արտահերթ քննարկելու առաջարկը երեկ արել է Հայաստանի պատվիրակությունը։

ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում այս հարցի ներառումը երեկ ընդունվել է 93 կողմ, 21 դեմ և 18 ձեռնպահ ձայներով։ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության հինգ անդամ դեմ է քվեարկել, յոթը` ձեռնպահ, ինչը քննարկումների առիթ էր դարձել Հայաստանում։ Ռուսաստանի պատվիրակության անդամ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր Սերգեյ Պախոմովը Instagram-ի իր էջում պատասխանել է օգտատիրոջ հարցին և նշել, որ քվեարկելու ընթացքում պատվիրակության մոտ «տեխնիկական խնդիրներ են առաջացել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter