
Facebook-ը ներկայացրել է Live Audio Rooms-ը․ այն կմրցակցի Clubhouse-ի հետ
Facebook ընկերությունն առաջիկա ամիսներին պատրաստվում է գործարկել Live Audio Rooms ծառայությունը, որը կմրցակցի ձայնային հաղորդակցման համար նախատեսված Clubhouse հավելվածի հետ։ Այդ մասին նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Facebook-ը նշում է, որ սկզբում սոցիալական ցանցը նոր ծառայությունը կգործարկի խմբերում։ Այն հասանելի կլինի 1,8 միլիարդ օգտատերերի և տասնյակ միլիոնավոր ակտիվ խմբերի համար։ Արդեն 2021 թվականի ամռանը Facebook-ի ձայնային սենյակները հասանելի կլինեն բոլոր օգտատերերին։ Հետագայում, խմբերից զատ, Live Audio Rooms-ը կգործարկվի նաև Messenger-ում։
Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Facebook-ը կսկսի փորձարկել նաև Soundbites ծառայությունը, որի օգնությամբ օգտատերերը կկարողանան ստեղծել կարճ տեսանյութեր։ Բացի այդ, Facebook-ը նախատեսում է գործարկել նաև փոդքասթներ։
Facebook-ը, Live Audio Rooms-ի և Soundbites-ի միջոցով, նախատեսում է թույլատրել ձայնային բովանդակության հեղինակներին գումար աշխատել։ Վերջիններս կկարողանան վճարովի դարձնել իրենց ստեղծած ձայնային բովանդակությունը։ Ընկերությունը Stars գործիքի միջոցով հնարավորություն կտա նաև աջակցել ձայնային բովանդակության հեղինակներին։
Մարտին Instagram-ում հայտնվել էր Live Rooms գործառույթը։ Դրանք ուղիղ եթերների համար նախատեսված «սենյակներ» են, որը միանգամից կարող է վարել մինչև 4 մարդ։ Clubhouse-ի իր տարբերակը գործարկել է նաև Twitter-ը։ Spaces-ը հասանելի է iOS-ի և Android-ի օգտատերերի համար։ Իր հերթին Telegram-ն էլ գործարկել է ձայնային զրուցարանները, որը կարելի է պահպանել նաև որպես փոդքասթ։ Clubhouse-ի իրենց տարբերակներն են մշակում նաև Discord-ը, Spotify-ը և Slack-ը։
Լուսանկարը՝ searchenginejournal.com-ից
Մեկնաբանել