HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ. Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայվել է ՌԴ ԶՈւ ավելի քան 100 000 զինծառայող

Ռուսաստանն Ուկրաինայի սահմանին և Ղրիմում տեղակայել է ավելի քան 100 000 զինծառայող։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Ճեպազրույցին մասնակցել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

Ռուսական զորքի թվաքանակի վերաբերյալ Բորելի տվյալներն ավելի ուշ փոփոխվել են։ Այսպես, ճեպազրույցի ժամանակ Բորելը հայտարարել է 150 000 զինծառայողների մասին, սակայն նրա մամուլի քարտուղարը հայտարարել է, որ գլխավոր հանձնակատարը շփոթվել է և հավելել, որ խոսքը 100 000 զինծառայողի մասին է։ «Մենք խիստ մտահոգված ենք ուկրաինական սահմանին ռուսական զորքերի թվաքանակի աճի կապակցությամբ։ Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տեղակայված են ավելի քան 150 000 ռուս զինծառայողներ։ Հետագա սրման ռիսկը ակնհայտ է»,- հայտարարել է Բորելը։

Ինչպես գրում է Deutsche Welle-ն, այդ տվյալների աղբյուրներն անվանելու լրագրողների խնդրանքը եվրոպական դիվանագիտության ղեկավարը մերժել է, սակայն նշել, որ հենց նրանց է հղում անում։ Բորելը հավելել է, որ Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում ռուսական զորքերի կուտակումները շարունակվում են և հասել են վերջին տարիների մաքսիմումին։

Այս տարվա ապրիլի սկզբին տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Մոսկվան զորքեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում զորքերի կենտրոնացումն անվանել էր «հսկիչ ստուգում»։

Մինչ այդ, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն բազմիցս հայտարարել էին Կիևին բազմակողմ աջակցության մասին։ Ապրիլի 6-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ, վերջինս իր աջակցությունն էր հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս կոչ էր արել դադարեցնել զորքերի կուտակումը Ուկրաինայի հետ սահմանին։

Լուսանկարը՝ արխիվային/Reuters գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter