HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան ներկրվող դեղերի 60.3%-ը երեք ընկերություն է ներմուծում

2019 թվականի ընթացքում Հայաստան դեղեր ներմուծող երեք խոշոր ընկերություններն են «Վագա Ֆարմ» ՍՊԸ-ն, «Ալֆա Ֆարմ Իմպորտ» ՓԲԸ-ն և «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ն, որոնց ընդհանուր մասնաբաժինը ներմուծման կառուցվածքում կազմել է 60.3%:

Նման եզրահանգման է եղել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ)՝ ուսումնասիրելով դեղերի շուկան Հայաստանում: Թե յուրաքանչյուր ընկերությանը ներմուծման որ մասն է բաժին ընկել, հանձնաժողովը չի հրապարակել՝ համարելով դա առևտրային գաղտնիք:

Դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են լայնածավալ զեկույցով: Նպատակն է եղել ստանալ ոլորտի ապրանքային շուկաների արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը, լուծումներ առաջարկել:

Շուկայի ներմուծման ու արտահանման կառուցվածքը դիտարկելիս ՏՄՊՊՀ-ն հիմք է ընդունել 2018-2019 թվականների տվյալները, որոշ դեպքերում նաև` 2020 թվականի առաջին կիսամյակը:

Արդյունքները ցույց են տվել, որ եվրոպական որոշ արտադրողներ ունեն պահեստներ Վրաստանում, որտեղ արտահանում են իրենց գործարանների արտադրանքը: Այդտեղից էլ հայկական ընկերությունները ձեռք են բերում դեղորայք: Դա է պատճառը, որ եթե ներմուծման կառուցվածքը դիտարկվում է՝ ըստ արտահանողի, այսինքն՝ առևտուր անող երկրի, ապա Հայաստան ամենաշատը դեղեր են ներմուծվում Վրաստանից, Ռուսաստանից և Հունգարիայից: 

Մինչդեռ ըստ այդ դեղերի ծագման երկրի՝ առաջին տեղում գերմանական ծագման դեղերն են: 2019 թվականին Գերմանիայի կշիռը Հայաստան ներմուծված դեղերի ծավալում կազմել է շուրջ 16%: Հաջորդը ֆրանսիական ծագման դեղերն են: Երրորդ տեղում Ռուսաստանն է: Ընդհանուր առմամբ դեղեր են ներմուծվել 66 երկրներից:

Տվյալներն առավել մանրամասն ներկայացված են ստորև տեղադրված առաջին ինֆոգրաֆիկայում, որտեղ 2018 և 2019 թվականներին Հայաստան ներմուծված դեղերի կառուցվածքն է՝ ըստ ծագման երկրի:

ՏՄՊՊՀ մոնիտորինգի համաձայն՝ 2019 թվականի ընթացքում ընկերությունները Հայաստան են ներմուծել 42.3 մլրդ դրամի դեղեր: Ներմուծում է իրականացրել 114 ընկերություն: Սակայն ինչպես պարզ է դառնում, շուկան կենտրոնացված է, քանի որ ներմուծման 60.3%-ը ապահովում են միայն վերևում նշված երեք ընկերությունները: 

ՏՄՊՊՀ-ն դեղերի ներմուծման կառուցվածքն ըստ երկրների ու ընկերությունների ներկայացրել է նաև ապրանքային շուկաներով: Ուսումնասիրության համար ընտրվել է երեք շուկա. 

  • M01A- ոչ ստերոիդային, ցավազրկող, հակաբորբոքային դեղամիջոցներ, 
  • C07A- բետա ընկալիչների բլոկադորներ կամ արգելակիչներ,
  • J02A-հակաբակտերիալ (հակասնկային) միջոցներ` պարբերաբար օգտագործման համար։ 

Խոշոր ներմուծողների առաջին եռյակում հիմնականում կրկին նշված երեք ընկերություններն են:

Մասնավորապես, 2019 թվականի ընթացքում M01A ապրանքային շուկայում դեղամիջոցներ ներմուծող առաջին երեք ընկերություններն են հանդիսացել «Վագա Ֆարմ», «Ալֆա Ֆարմ Իմպորտ» և «Նատալի Ֆարմ» ընկերությունները, որոնք ապրանքային այս շուկայում չունեն գերիշխող դիրք. միասին զբաղեցրել են շուկայի 60.6%-ը:

C07A շուկայում դեղամիջոցներ ներմուծող առաջին երեք խոշոր ընկերություններն են «Վագա Ֆարմը», «Ալֆա Ֆարմ Իմպորտը» և «Նատալի Ֆարմը», որոնք ապրանքային շուկայում զբաղեցրել են գերիշխող դիրք՝ շուկայի 71.76%-ը:

J02A շուկայում դեղամիջոցներ ներմուծող առաջին երեք խոշոր ընկերություններն են «Ալֆա Ֆարմ Իմպորտը», «Տոնուս-Լես» ՍՊԸ-ն ու «Աստերիա» ՍՊԸ-ն, որոնք ապրանքային այս շուկայում չեն ունեցել գերիշխող դիրք: Նրանց մասնաբաժինը ապրանքային այս շուկայում ընդհանուր կազմել է 54.2%-ը: 

Դեղերի արտահանումը բարձր կենտրոնացվածություն ունի

2019 թվականին Հայաստանից ընկերությունները 18 երկիր են արտահանել շուրջ 6.4 մլրդ դրամ մաքսային արժեքով դեղորայք:

Ինչպես 2018 թվականին, այնպես էլ 2019 թվականին դեղերի արտահանման կառուցվածքում առաջին երեք խոշոր երկրներն են Ռուսաստանը, Վրաստանն ու Ուզբեկստանը՝ միասին կազմելով արտահանման 83.4%-ը, որից միայն Ռուսաստանին բաժին է ընկնում ընդհանուր արտահանման 58.7%-ը: Այսինքն՝ արտահանվող դեղերի կեսից ավելին առաքվում է Ռուսաստան: 

2020 թվականին Հայաստանից դեղ է արտահանել 24 ընկերության: Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ արտահանման ծավալներով խոշոր դեղ արտահանող ընկերություններն են «Լիկվոր» ՓԲԸ-ն, «Ֆարմաֆակտ» ՍՊԸ-ն ու «Թրեյդ Էքսպորտ» ՓԲԸ-ն, որոնց միասին բաժին է ընկել արտահանման 72.7%-ը: Այս դեպքում ևս զեկույցում նրաց մասնաբաժինների մասին տեղեկությունները առանձնացված չեն: 

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաև ներմուծող ու վաճառող ընկերությունների կողմից վարվող գնային քաղաքականությունը: Սակայն մի շարք տեղեկություններ, օրինակ՝ մարժայի վերաբերյալ (առևտրում  մարժան ապրանքների առք ու վաճառքի գների տարբերությունն է) , չի հրապարակվել. սա ևս համարվել է այդ ընկերությունների առևտրային գաղտնիքը:

Հակամրցակցային ռիսկերը

Մրցակցության հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղերի շրջանառության ոլորտում գործում են բարտերային երևույթներ (բարտերի ժամանակ մասնակիցներն ապրանքները ձեռք են բերում ոչ թե փողով,  այլ՝ փոխանակում են մեկ այլ ապրանքներով կամ ծառայություններով), որոնց համար չկան օրենսդրությամբ մշակված հստակ կարգավորման մեխանիզմներ: Մասնավորապես, դեղեր և որոշ բժշկական սարքավորումներ ձեռք բերող և իրացնող տնտեսվարող սուբյեկտներն իրականացնում են բարտերներ միմյանց միջև, որոնց չկարգավորված լինելը կարող է հանգեցնել հակամրցակցային համաձայնությունների:

Հանձնաժողովը ևս մի քանի ռիսկեր է առանձնացրել: Օրինակ՝ արտակարգ դրության ժամանակահատվածում չկա հասանելի վիճակագրություն չգրանցված դեղերի ներմուծման վերաբերյալ: Մասնավորապես այն մասով, թե ինչպես է կոնկրետ տնտեսվարող սուբյեկտների տրվում չգրանցված դեղերի ներմուծման թույլտվությունը: 

Կան բացթողումներ նաև դեղերի մեծածախ առավելագույն հավելագնի մասով: Պարզվել է, որ մեծածախ առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների ինտերնետային կայքերում մեծածախ առավելագույն հավելագները չեն նշվում: Մինչդեռ դա օրենքի պահանջ է:

Առաջարկվում է այս և այլ ռիսկերի մասով մշակել ու ներդնել օրենսդրական հիմքեր և մեխանիզմներ, այդ թվում՝ դեղերի առավելագույն և նվազագույն գների սահմանում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter