HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սյունեցիները Արմեն Սարգսյանի և Արման Թաթոյանի հետ հանդիպումներում անվտանգային հարցեր են բարձրաձայնել

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Դավիթ Բեկ բնակավայր, հանդիպել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին, Դավիթ Բեկ և Կաղնուտ բնակավայրերի ղեկավարներ Բենիամին Պողոսյանին և Արթուր Հովհաննիսյանին, տեղի բնակիչներին։ Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։

Քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։

Դավիթ Բեկի և Կաղնուտի ղեկավարները ներկայացնելով իրենց բնակավայրերի խնդիրները՝ առաջնահերթ են համարել անվտանգության ապահովման հարցը։ Նշվել է, որ վարելահողերի, արոտավայրերի ու խոտհարքերի զգալի, այդ թվում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող հատվածները վերահսկվում են Ադրբեջանի կողմից, և բնակիչները հնարավորություն չունեն օգտագործել դրանք: Ընդգծվել են նաև գործազրկության, սոցիալ-տնտեսական բնույթի մի շարք այլ խնդիրներ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագահ Սարգսյանն ու Մարդու իրավունքների պաշտպանն այնուհետև այցելել են Ճակատեն գյուղ, հանդիպել բնակիչների և Կապան խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։

Այստեղ ևս թե՛ բնակիչները, թե՛ բնակավայրերի ղեկավարները կենսական են համարել անվտանգության, սահմանազատման, արոտավայրերի հետ կապված խնդիրները: Նրանք նաև ընդգծել են, որ ներկայումս սահմանամերձ համայնքները մեծ ուշադրության կարիք ունեն։

Անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ նախագահը արձանագրել է, որ իր այցելած բոլոր բնակավայրերում թիվ մեկ հարցն անվտանգությունն է: Սահմանազատման խնդիրների մասին խոսելով՝ նախագահը նշել է, որ այդ գործընթացում պետք է ներգրավված լինեն մասնագետներ, ինչպես նաև՝ համայնքների բնակիչներ։ 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ավելացրել է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կան երկրներ, որոնց սահմանազատումների, սահմանագծումների հարցում առավելություն է տրվել կադաստրային փաստաթղթերին, որովհետև հիմքում մարդն է՝ իր իրավունքներով։

Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, պատասխանելով բնակիչների՝ նախագահական ինստիտուտի կողմից իրենց աջակցելու հնարավորությունների մասին հարցին, նախագահ Սարգսյանը նշել է, որ ինստիտուտի լիազորությունների և հնարավորությունների շրջանակում պատրաստ է անել ամեն ինչ, և համայնքներ այցելելն ու խնդիրներին անմիջապես տեղում տեղեկանալն այդ նպատակն ունեն: 

«Կան խնդիրներ, որոնք պետության պարտականությունն են, բայց կան խնդիրներ, որոնք կարող են լուծվել նաև միջազգային կազմակերպությունների կողմից, բարեգործական միջոցներով: Կան նաև համակարգային խնդիրներ: Պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր և նոր գործունեություն, որպեսզի թշնամին տեսնի, որ այս գյուղերը ծաղկում են, ոչ թե դատարկվում,-ընդգծել է նա։ -Գյուղի բարեկեցությունը բոլորի պարտականությունն է։ Դուք այդ ճակատում եք, և ճակատը միայն կրակելով չէ, այլ նաև գյուղի հաջողությունն է, ուստի բոլորս անելիք ունենք։ Ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե մենք կարգուկանոն ունենանք, կազմակերպված լինենք, ինքներս մեզ չխաբենք, հույսով չսպասենք, որ ինչ-որ մեկը կգա ու մեզ համար հարց կլուծի»։

Հանդիպումների ընթացքում առաջարկվել է խնդիրները ձևակերպած ու ամբողջացված ներկայացնել հանրապետության նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ նրանց իրավասության շրջանակում աջակցության հնարավորությունները քննարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter