HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի և նախկին նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

Լրագրող Փայլակ Ֆահրադյանի և նախկին նախարար Հակոբ Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախապատրաստվող նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացվել է։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այսինքն՝ դիտավորությամբ գույք ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտնել է, որ Հակոբ Արշակյանը հարձակվել է իր վրա ու հարվածել: Լրագրողի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում, սրճարանում ինքը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է վերջինս աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են, որից հետո խնդրել է անջատել տեսախցիկը, ապա սկսել սպառնալ իրեն: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։ Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։

Միջադեպի հայտնի դառնալուց ժամեր անց «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն էր տարածել նաև Հակոբ Արշակյանը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, միջադեպի հետ կապված նախ և առաջ ցանկանում եմ հայտնել, որ դեմ եմ ցանկացած բռնության և առաջնորդվում եմ հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով։

Յուրաքանչյուր քաղաքացի ունի անձնական և ընտանեկան կյանքի անձեռնամխելիության իրավունք։ Մեր հասարակության ցանկացած մասնակից, լինի պաշտոնյա, թե լրագրող առաջին հերթին մարդ է, ունի էմոցիաներ և նրբանկատ է հատկապես ընտանիքին վերաբերվող ցանկացած հարցում։

Ցանկանում եմ ներողություն խնդրել միջադեպին ներկա բոլոր քաղաքացիներից, բոլոր նրանցից, ում հանգիստն իմ արարքով խաթարել եմ։

Վերջում ցանկանում եմ նշել, որ պատրաստ եմ կրել պատասխանատվություն միջադեպի կապակցությամբ»,- գրել էր Հ. Արշակյանը:

Միջադեպի վերաբերյալ հրապարակված նյութերը Դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն, որտեղ շուրջ մեկ ամիս նյութեր նախապատրաստելուց հետո որոշում էր կայացվել քրեական գործ չհարուցելու մասին։ Որոշումը, փաստորեն, Դատախազությունը վերացրել է։

Նշենք, որ միջադեպից օրեր անց Հակոբ Արշակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Լուսանկարում ձախից՝ Փայլակ Ֆահրադյան, Հակոբ Արշակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter