
Արմին Լաշետը պաշտոնապես դարձել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Արմին Լաշետը պաշտոնապես դարձել է Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Նա Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողի վարչապետն ու Քրիստոնեա-դեմոկրատական միության առաջնորդն է։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Որոշումն ընդունվել է ապրիլի 20-ին Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խորհրդարանական խմբակցության նիստից հետո։
Ավելի վաղ, Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ղեկավար կազմը հայտարարել էր, որ Լաշետը կգլխավորի Բունդեսթագի ընտրություններում դաշինքի նախընտրական քարոզարշավը։ Արմին Լաշետն ընդգծել է, որ նման որոշումը հնարավոր է դարձել շնորհիվ դաշինքի երկրորդ կուսակցության՝ Քրիստոնեա-սոցիալական միության և նրա առաջնորդ Մարկուս Զյոդերի, որը ևս հավակնում էր միասնական թեկնածուի կարգավիճակին։
Գերմանիայի կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ Անգելա Մերկելը շնորհավորել է Լաշետին առաջադրման կապակցությամբ։ «Ես ուրախ եմ առաջիկա ամիսներին նախատեսվող համագործակցության համար»,- Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի միջոցով հայտարարել է Մերկելը։
Kanzlerin #Merkel: „Herzlichen Glückwunsch, lieber Armin Laschet, zur neuen Aufgabe als Kanzlerkandidat der Union. Ich freue mich auf die kommenden Monate unserer Zusammenarbeit.“
— Steffen Seibert (@RegSprecher) April 20, 2021
Ապրիլի 19-ի ուշ երեկոյան Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության արտահերթ նիստի ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անդամների մեծ մասն իր աջակցությունն էր հայտնել Լաշետին։ Նրա օգտին կողմ էր քվեարկել 31 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող անդամների 77,5 %-ը։ 9 անդամ քվեարկել էր Զյոդերի օգտին, իսկ 6 մարդ ձեռնպահ էր մնացել։
2018 թվականի հոկտեմբերին Անգելա Մերկելը հայտարարել էր, որ չի մասնակցի խորհրդարանական հաջորդ ընտրություններին։ Բունդեսթագի ընտրությունները կկայանան 2021 թվականի սեպտեմբերի 26-ին։ Վերջին շաբաթներին ՔԴՄ/ՔՍՄ վարկանիշն ընկնում է, այդ թվում բժշկական դիմակների գնման շուրջ առաջացած սկանդալի պատճառով։
Լուսանկարը՝ ADAM BERRY/POOL/EPA-EFE/Shutterstock
Մեկնաբանել