
Վարչապետ. «Գրանցված աշխատատեղերի 600 000-ի շեմն առաջին անգամ հաղթահարել ենք 2019-ի մայիսին»
Կառավարության ապրիլի 22-ի հերթական նիստին, մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, գործադիրի անդամներն այս անգամ տնտեսական աճի վերաբերյալ քննարկում էին ծավալել:
«Տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել»,- հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ 2021 թվականի մարտին աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ է գրանցվել:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ հարկման բազա ունեցող, այսինքն՝ 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով:
Ըստ նրա, հաշվի առնելով նախորդ տարվա մարտ ամսից համավարակի առկայությունը և դրա հնարավոր ազդեցությունը՝ վերլուծություններ իրականացվել են նաև 2019 թվականի համեմատ՝ իրավիճակն ավելի պատկերավոր հասկանալու նպատակով:
«2019 թվականի մարտ ամսվա համեմատ աշխատատեղերի քանակն ավելի է 38 000-ով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 մլրդ: Այդ ցուցանիշը 2020 թվականի համեմատ ավելի է 7,5 միլիարդով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 միլիարդով: Միջին հարկման բազան կազմել է շուրջ 211 500, ոը 2020 թվականի նկատմամբ ավելի է 12 000-ով, իսկ 2019-ի նկատմամբ՝ շուրջ 28 000-ով: Եկամտային հարկը նույնպես ավելի է, 2020-ին՝ 0,5 մլրդ, 2019-ին՝ 1,3 մլրդ դրամի չափով»,- տեղեկացրեց Էդվարդ Հովհաննիսյանը:
Վարչապետը հետաքրքրվեց՝ կա՞ վերլուծություն՝ այս աշխատատեղերը նո՞ր են բացվել, թե «ստվերից են դուրս եկել»:
«Վերջերս մեր վերլուծական ստորաբաժանման կողմից ուղղակի մի վարժության արդյունքում ընդամենը 1 օրվա ընթացքում 200 աշխատատեղի գրանցման հայտ է ներկայացվել: Խոսքը վերաբերում է այն անհատ ձեռնարկատերերին, որոնք միաժամանակ այլ հարկ վճարողի մոտ հանդիսանում էին վարձու աշխատող»,- ասաց ՊԵԿ նախագահը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտնեց, որ վերլուծությունները ցույց են տալիս՝ ինչքան «ստվերից դուրս են գալիս», կան տնտեսվարողներ, որ «ստվեր էլ են գնում»:
Նախարարի խոսքով՝ նման տեմպերով առաջ գնալու դեպքում ապրիլին գրանցված աշխատատեղերի թվով ռեկորդ կունենանք Հայաստանի պատմության մեջ:
Վարչապետը խոսեց նաև ՀԴՄ կտրոնների աճի մասին՝ նշելով, որ դրանց թիվն ապրիլի առաջին 15 օրվա ընթացքում ավելացել է 4 մլն-ով:
«Աշխատատեղերի հետ կապված ուզում եմ ասել, որ բացարձակ թիվը շուրջ 622 000 է: Գրանցված աշխատատեղերի 600 000-ի շեմն առաջին անգամ հաղթահարել ենք 2019 թվականի մայիսին: Դրանից առաջ Հայաստանում երբեք 600 000 գրանցված աշխատատեղ չի եղել: 2021 թվականի մարտին 2018 թվականի մարտի նկատմամբ ունենք 85 038 աշխատատեղի տարբերություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև հիշեցրեց, որ 2020 թվականի մայիսին մոտ 70 000 աշխատատեղի կրճատում էր եղել:
ՊԵԿ նախագահն էլ տեղեկացրեց, որ 2021 թվականի ապրիլ ամսին 2019 թվականի համեմատ ապրանքաշրջանառության և գործարքների քանակի 20-22 %-ի աճ է արձանագրվել:
Մեկնաբանել