HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Զորամասերը վիրավորում ստացած զինծառայողների վերաբերյալ զեկույցներ են ուղարկում ՊՆ` զինհաշմանդամության կարգի տրամադրման համար

Պաշտպանության նախարարությունն իրականացնում է Հայաստանի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում սպայական կազմի ունեցած անշարժ կամ շարժական գույքի փոխհատուցման ծրագիր:

Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած աշխատանքային քննարկմանն ասաց ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Սպայական կազմի կորցրած գույքի հարցով հետաքրքրվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Գնդապետ Ավետիսյանն արձագանքեց` կառավարության ընդունած որոշման համաձայն` իրականացվում է անձանց փոխհատուցմների վճարման գործընթացը:

«Սկզբնական շրջանում այսպես էր` անձը պետք է պարտադիր Արցախի հաշվառում ունենար, բայց փոփոխություն կատարվեց հետագայում և, անկախ հաշվառման վայրից, իրականացվում է տվյալների հավաքագրում: Մենք գլխավոր շտաբին հարցում ենք արել, որ իրենք կարողանան պարզել ըստ ուղղությունների՝ որտեղ ինչ ընտանիք կա: Ընդ որում, պայմանը հետևյալն է` նախքան պատերազմը սկսվելը զինծառայողը պետք է երեք ամիս էնտեղ բնակված լինի»,-ասաց Ավետիսյանը:

Ըստ նրա` բանակային կորպուսից ստացված տվյալները նույնականացնելուց հետո դրանք փոխանցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որն էլ յուրաքանչյուր անձի հաշվարկով 300 հազար դրամ է փոխհատուցում: Գնդապետի խոսքով` մինչ այժմ էլ այդ տվյալների հավաքագրումն իրականացվում է:

Պատգամավոր Հայկ Կոնջորյանը հետաքրքրվեց, թե մինչ այժմ քանի զոհված զինծառայողի է հիմնադրամը փոխհատուցել: «2104 անձի»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն էլ հետաքրքրված էր զինծառայողների հաշմանդության կարգ ստանալու գործընթացով՝ արդյոք վերջիններս են դիմելու գերատեսչություններին, թե իրենց տվյալներն արդեն իսկ ունի պետությունը:

Ալեքսանդր Ավետիսյանի խոսքով` զոհերի պարագայում պետությունն ինքը տվյալները նույնականացնում է, սակայն զինհաշմանդամների պարագայում որոշ խնդիրներ կան:

«Հաշվի առնելով այն, որ երբեմն առանց պատճառահետևանքային կապի զինծառայողները ստացել են հաշմանդամության կարգ ու գնացել են տուն, նորից էդ գործընթացում ներգրավվելու համար անհրաժեշտ է ամբողջ փաստաթղթաբանությունը: Այդ առումով բավական լուրջ խնդիր ունենք, ուստի գրություն ենք ուղարկել շտաբի պետին, որից հետո զորամասերը արագ պարբերականությամբ մեզ են ուղարկում վիրավորում ստացած անձանց վիրավորման հանգամանքների վերաբերյալ զեկույց: Մենք այն հասցեագրում ենք Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով, որն իրավունք ունի զինհաշմանդամության կարգ տրամադրել»,-ասաց նա:

Ըստ Ավետիսյանի` հաշվի առնելով դիմումների մեծ ծավալը, չէր ցանկանա պատասխանատվություն ստանձնել և ասել, որ այդ անձինք սպասեն, ուստի լավ կլինի, որ զինհաշմանդամների ընտանիքների անդամները որոշ պարբերականությամբ հանձնաժողովից հեռախոսազանգերի միջոցով ճշտեն` զինհաշմանդամության կարգը պատրաստ է, թե՞ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter