
Կառավարությունը պահուստային ֆոնդը մեծացնելու որոշում է կայացրել
«Նոյեմբերից մինչ օրս Արցախին շուրջ 50 մլրդ դրամի հատկացում է իրականացվել: Հաշվի առնելով բյուջեի եկամուտների նախատեսվածից ավելի մակարդակը՝ կառավարությունը պահուստային ֆոնդը մեծացնելու որոշում է կայացրել»,- այս մասին կառավարության ապրիլի 22-ի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգոյանն էլ տեղեկացրեց, որ բոլոր գերատեսչություններից խնայողությունների հաշվին մոտ 40 մլրդ-ով պխահուստային ֆոնդը համալրվել է:
«Ավելացումների զգալի մասը՝ մոտ 20 մլրդ դրամը, գերակատարումներն են: Դեռևս ռեզերվներ կան, որ խնայողությունների և գերակատարումների հաշվին էլ կավելանան: Այնուամենայնիվ, անցած տարվա 2 ծանրագույն սթրեսը հանգեցնում է նրան, որ այս տարի որոշ ծախսերի իմաստով շեղումներ կունենանք»,- ասաց նա:
Փոխվարչապետը նաև նշեց, որ հաստատված ծրագրերով Արցախին տրամադրվող աջակցության չափը 74 մլրդ դրամ է կազմելու:
«Հնարավորություն կունենանք ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումներն իրականացնել՝ առանց պարտքային շեմի վրա հատուկ ազդեցության»,- հայտնեց Մհեր Գրիգորյանը:
Կառավարության ապրիլի 22-ի՝ Արցախին տրամադրվող աջակցության մասին մեկ այլ որոշմամբ՝ պահուստային ֆոնդից Արցախին կտրամադրվի 4 մլրդ 67 մլն դրամ, որն ուղղվելու է Արցախի բնակչության սպառած գազի և էլեկտրաէներգիայի, կապի ծախսերի, ինչպես նաև ռեզիդենտ և ոչ պետական կազմակերպությունների վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի վերադարձի ֆինանսավորմանը։ Գումարներն Արցախի կառավարությանը կտրամադրվեն նվիրատվության պայմանագրի հիման վրա:
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի արդյունքում սեփական եկամուտների նվազեցմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ միջոցների չափը կազմում է 4 մլրդ 67 մլն դրամ, որից՝ 1 մլրդ 803 մլն դրամը էլեկտրաէներգիայի, 924 մլն 887 հազ. դրամը՝ գազամատակարարման, 918 մլն 581 հազ. դրամը՝ կապի ծառայությունների սուբսիդավորման, 420 մլն 792 հազ. դրամը՝ աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձի գծով։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը տեղեկացրեց, որ Արցախում մարտ ամսին փետրվարի համեմատ մասնավոր ոլորտում աշխատատեղերի թիվն ավելացել է մոտ 600-ով:
Մեկնաբանել