
ԱԽ քարտուղար. «Ամբողջ տեքստն էլ հրապարակենք, կարող է էդ խմբակը պահանջի վիդեո, թե ով ինչքան ջուր է խմել»
Անվտանգության խորհրդի (ԱԽ) գաղտնազերծած փաստաթղթով հանրությունն ամբողջովին իր պատասխանները ստացել է:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` արձագանքելով մեր դիտարկմանը, թե գաղտնազերծած փաստաթղթով հանրության մոտ ավելի շատ հարցեր են կուտակվել, քան` ստացել պատասխաններ:
Հիշեցնենք, որ ԱԽ-ն գաղտնազերծել էր նիստից մի հատված, որը վերաբերում էր զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ելույթին:
«Կրկին մի որոշ խմբակ կարող է շարունակել ասել, որ հարցերի պատասխաններ չեն տրվել: Ես խորհուրդ եմ տալիս մեր հրապարակումներն առանձին երբեք չկարդալ, մեր հրապարակումները կարդալու համար պետք է բացել Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը, բոլոր տողերը կարդալուց հետո բացել մեր գաղտնազերծած հատվածները: Երբ ասում է` հունիսի ութին նշանակվելուց հետո մի քանի օր անց ԱԽ-ին եմ ներկայացրել ռազմաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակը, բացում ենք ԱԽ օրակարգը և տեսնում ենք Օնիկ Գասպարյանը զեկույց չունի, հասկանում ենք, որ սուտ է ասում»,- պնդում է Արմեն Գրիգորյանը:
Ըստ անվտանգության խորհրդի քարտուղարի` երկու-երեք օրում պատերազմը կանգնեցնելու առաջարկով հանդես եկող գեներալ-լեյտենանտը չէր կարող ասել, թե Ջաբրայիլում հաջողություններ ունենք, թնշամին որևէ առաջընթաց չունի:
«Ոնց կարող է իր տեքստում ասի` կանգնեցրեք պատերազմը և զեկույցում պնդի, թե թշնամին որևէ առաջընթաց չունի, խոսի, որ բանակը իր խնդիրները կատարում է… Մեր հրապարակած տեքստը բավարար է, որպեսզի հասարակությունը համապարփակ հասկանա, թե ինչ է տեղի ունեցել: Մենք ամբողջ տեքստն էլ հրապարակենք, կարող է էդ խմբակը պահանջի վիդեո հրապարակենք, թե ով ինչքան ջուր է խմել»,- ասաց Գրիգորյանը` ընդգծելով, որ հրապարակված մասը բավարար է հստակեցումների համար:
Պաշտոնյան պնդեց` փաստաթղթի գաղտնազերծումը ոչ թե Օնիկ Գասպարյանի համար է, այլ` հանրության:
Արմեն Գրիգորյանը խորհրդարան էր եկել իշխող ուժի`«Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպման համար: Շուրջ երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո Գրիգորյանն ասաց, որ ԱԽ գրասենյակը պարբերաբար անվտանգության ոլորտի գնահատումներ է իրականացնում:
«Վերջերս զեկույց ենք պատրաստել կրիտիկական ենթակառուցվածքների մասին, որն անվտանգության կոմպոնենտ էլ ունի, գտել ենք նպատակահարմար է կիսվել նաև պատգամավորների հետ, հանդիպում ենք կազմակերպել, ինֆորմացիան փորձել կիսել իրենց հետ»,- ասաց նա:
Մեկնաբանել