
Դատախազությունը բողոքարկել է Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը
Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ի որոշմամբ դադարեցրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ՝ 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով և սահմանադրական կարգի տապալման ու դրան օժանդակելու հոդվածներով քննվող քրեական գործի վարույթը կարճել։ Դատախազությունն այս որոշման դեմ է վերաքննիչ բողոք ներկայացրել։
Դատավոր Աննա Դանիբեկյանը սահմանադրական կարգի տապալման դրվագով քրեական գործը կարճել է, քանի որՍահմանադրական դատարանը մարտի 29-ին հրապարակած որոշմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող։ Այս հոդվածները վերաբերում են համաչափության և որոշակիության սկզբունքներին։
Լուսանկարում՝ ձախից՝ դատախազ Պետրոս Պետրոսյանը, աջից՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը
Մեկնաբանել