HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Յոնջլախում «ծաղկող» հանցագործություններն անգամ ոստիկաններին են մտահոգում

Գարնանը Յոնջլախում ավելի շուտ ու ավելի շատ ծաղկում են ոչ թե ծառերը, այլ՝ մանր ու միջին հանցագործությունները: Երևանի այս թաղամասը միշտ էլ հայտնի է եղել «մութ» պատմություններով: Մայրաքաղաքային կյանքին քիչ թե շատ ծանոթներն անգիր գիտեն՝ այստեղ երեկոյան ուշ ժամերին քայլելը կամ առանց հսկողության մեքենա թողնելն առանձնապես անվտանգ չէ:

Կինո «Հայրենիքից» Առաջին մաս ընկած հատվածում, որն այդպես էլ չի կորցնում Յոնջլախ անունը, շատ հաճախ են արձանագրվում հափշտակության դեպքեր, ընդ որում, հենց Արշակունյաց փողոցի վրա, երբ միայնակ կանանց ձեռքից դրամապանակ ու պայուսակ են փախցնում կամ շենքերի բակերում կայանված մեքենաներից են գողանում՝ ինչ պատահի:

Ընդ որում՝ «տանողները» անգիր գիտեն թաղում կատարվող իրադարձությունները՝ ով է նորեկ, ում մեքենան անվտանգության համակարգ չունի, ով, երբ ու որտեղ է կայանում այն: Գիտեն՝ ումից զգուշանալ, ինչպես և որտեղ: Կարևորը՝ շատ վարժ են գողության ձևերի մեջ. oրինակ` ինչպես արագ և անաղմուկ բացել մեքենայի բեռնախցիկը:

Ի դեպ, Արշակունյաց պողոտայից դեպի Յոնջլախ մուտք ապահովող կամարները շատ են, վատ լուսավորված: Մարդկանց ձեռքից պայուսակ թռցնողները որոշ դեպքերում հենց այդ կամարներից են պահի տակ դուրս վազում և հենց դրանցում էլ անհետանում:

Այս ամենի հետևանքով էլ մարդիկ այստեղ միշտ զգուշավոր են, նույնիսկ հասարակ անցորդին էլ կասկածով են վերաբերվում:

Թաղի գողերի «ձեռքի հերթական գործի» զոհը դարձած վարորդներից մեկը դիմել էր ոստիկանություն: Չնայած նա հույս էլ չուներ, թե կգտնվի իր մեքենայից գողացված մարտկոցը, ամեն դեպքում դիմել էր՝ իրավապահներին տեղյակ պահելու համար: Ոստիկաններից մեկն էլ ծանոթի կարգով պատմել էր, որ Յոնջլախում այս շրջանում հատկապես շատանում են գողությունները, օր է լինում՝ մինչև մի քանի տասնյակի է հասնում:

Ասել, թե ոստիկանները չգիտեն այստեղ տիրող վիճակի մասին և միջոցներ ձեռք չեն առնում, ճիշտ չի լինի, սակայն փաստը մեկն է՝ Յոնջլախը չի դադարում վտանգավոր թաղամաս համարվելուց: Որ վիճակը չի հաջողվում կարգավորել, մտահոգում է նաև ոստիկաններին:

Մի ուշագրավ փաստ ևս: Տեղի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նկատեց, որ բնակիչները շատ դեպքերում պարզապես չեն դիմում իրավապահ մարմիններին, նախ՝ որովհետև հույս չունեն, թե կգտնվի իրենցից գողացված այս կամ այն իրը, և երկրորդ՝ «տանողները» լավ գիտեն դա, ու խոշոր «ավարի» հետևից շատ դեպքերում չեն ընկնում, որ աղմուկը մեծ չլինի: Կամ էլ բարի են այնքան, որ երևի մտածում են՝ «ամենքից` քիչ-քիչ, դե որ մարդկանց վրա էլ ծանր չնստի»...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter