Փաստաբան Գայանե Պապոյանը տեսանկարահանել է, թե ինչպես են Շուռնուխի բնակչին տեղափոխում Քննչական կոմիտե
Փաստաբան Գայանե Պապոյանը տրամադրել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են իրավապահները Քննչական կոմիտե տեղափոխում Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանին։ Պապոյանը տեղյակ չէ՝ Աղաբեկյանն ինչ կարգավիճակով է բերվել Քննչական կոմիտե, վերջինիս գործով չի զբաղվում, պարզապես Քննչական կոմիտեում ականատես է եղել Աղաբեկյանի նկատմամբ վերաբերմունքին։
«Ես ներքևի հարկում էի, ինչ-որ մեկն օգնություն էր խնդրում, ասում էր՝ թոքաբորբ եմ, դեղերս, օգնեք, լավ չեմ, մեռնում եմ։ Բարձրացա վերև ու տեսա, որ այդ ձայների տակ, այդ մարդուն քարշ էին տալիս։ Մարդն աղերսում էր, ասում, որ լավ չի, թոքաբորբ է։ Ես ինքս եմ տեսել, թե ինչպես էին ձեռքերը դողում»,- պատմեց Գայանե Պապոյանն ու նշեց, որ երբ արդեն ինքը բարձրացել է, և ակնհայտ է դարձել, որ ինքը տեսանկարահանում է տեղի ունեցողը, մի փոքր ավելի զգույշ են սկսել վարվել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 20-ին և 21-ին Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որոնց առթիվ հարուցվել է քրեական՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանության հոդվածներով։ Քրեական գործի շրջանակներում մի խումբ անձինք բերվել են Քննչական կոմիտե, նրանց թվում է նաև Արարատ Աղաբեկյանը։
Մեկնաբանել