HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ Սենատն ու Թուրքիայի նախագահն արձագանքել են Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման լուրերին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մտադրությունը։ Այդ մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով սենատորի տարածած հաղորդագրությանը։

«Ողջունում եմ մարդկության պատմության ամենամռայլ իրադարձություններից մեկի վերաբերյալ ավելի քան հարյուրամյա լռությանը վերջ դնելու նախագահի որոշումը։ Մենք հարգում ենք այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են Ցեղասպանության արդյունքում, հիշում ենք, թե ինչպես նրանք զոհվեցին և ուրախ ենք, որ փոխել ենք այն, որ պատմության մեջ հայտնի կլինի նրանց մահվան մասին»,- նշվում է Մենենդեսի հայտարարության մեջ։ 

Փոխարենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը պաշտպանելու է ճշմարտությունը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեջ իրենց ուղղված «ստահոդ և քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներից»։ «Նախագահը հայտնել է, որ Թուրքիան կշարունակի պաշտպանել ճշմարտությունը ընդդեմ նրանց, որոնք ստում են, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության վերաբերյալ և աջակցում այդ զրպարտությանը՝ քաղաքական դրդապատճառներից ելնելով»,- նշվում է Էրդողանի վարչակազմի հայտարարության մեջ, որը հաջորդել է Անկարայում Էրդողանի գլխավորությամբ անցկացված բարձրագույն խորհրդատվական խորհրդի նիստին։ 

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին հայտնել էր The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարն իր որոշման մասին պաշտոնապես կարող է հայտարարել առաջիկա շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին՝ ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձի ժամանակ։ Պարբերականի աղբյուրները նշում են, որ վերջնական որոշում դեռևս կայացված չէ, և Բայդենը կարող է սահմանափակվել ֆորմալ հայտարարությամբ, որտեղ չի հնչի ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումը։ 

ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփն իր ամենամյա հայտարարություններում մշտապես խուսափել է ցեղասպանություն եզրույթից։ Բարաք Օբաման, որի նախագահության տարիներին ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, նույնպես խուսափում էր այդ եզրույթի կիրառումից։ 2019 թվականին ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատն առաջին անգամ ընդունել էին բանաձևեր, որտեղ 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի բնաջնջումը որակվել է որպես ցեղասպանություն։ Դա առաջացրել էր Անկարայի կտրուկ դժգոհությունը։

Լուսանկարը՝ Սպիտակ տան մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter