
ՆԱՏՕ-ի առաջնորդների առաջիկա գագաթնաժողովը կկայանա հունիսի 14-ին Բրյուսելում
ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և կառավարությունների առաջնորդների առաջիկա գագաթնաժողովը կկայանա հունիսի 14-ին, Բրյուսելում՝ Դաշինքի կենտրոնակայանում։ Այդ մասին նշվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հայտարարության մեջ։
«Ես ուրախ եմ հայտարարել, որ դաշնակից առաջնորդների հաջորդ գագաթնաժողովը կկայանա 2021 թվականի հունիսի 14-ին, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Բելգիա»,- նշվում է հայտարարության մեջ։ Սթոլթենբերգն ընդգծել է, որ պետությունների ու կառավարությունների առաջնորդները կքննարկեն մինչև 2030 թվականը ՆԱՏՕ-ի հիմնական առաջնահերթությունները։ Հանդիպման օրակարգում կլինեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, ահաբեկչության վտանգը, կիբերհարձակումները, նոր և կործանիչ տեխնոլոգիաները, կլիմայի փոփոխության ազդեցությունն անվտանգության վրա և Չինաստանի հետ հարաբերությունները։
Սա կլինի ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի առաջին գագաթնաժողովը։ Վերջին անգամ Հյուսիսատլանտյան դաշինքի առաջնորդները հանդիպել էին 2019 թվականի դեկտեմբերին, Լոնդոնում։
Լուսանկարը՝ sobieski.org.pl-ից
Մեկնաբանել