Քրեական գործ կհարուցվի՞ Նալբանդյան 106/1-ում կատարված ապօրինությունների առթիվ
Այսօր «Ժառանգություն» կուսակցության խորհդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը խմբակցության անունից հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին:
Խմբակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել Սայաթ-Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան և Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածքում (Նալբանդյան 106/1 հասցեում տեղակայված, նախկինում Ոստիկանության հաշվեկշռում գտնված մանկապարտեզի տարածքում) իրականացված ապօրինությունների փաստերի առնչությամբ:
Հանցագործության մասին հաղորդման տեքստում մասնավորապես ասվում է.
«Մայիսի 12-ին «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի ու բազմաթիվ բնապահպանական ու հասարակական ակտիվիստների հետ միասին այցելեցին Սայաթ-Նովա պողոտա, Նալբանդյան, Ա.Պետրոսյան և Թումանյան փողոցներով պարփակված բակային տարածք, որտեղ «Ավագշին» կազմակերպությունը բարձրահարկ շենք կառուցելու նպատակով ցանկապատել է շուրջ 9.000 քառ. մետր տարածք, սկսել է ապօրինի շինարարություն և վտանգել բազմամյա հաստաբուն ծառերն ու կանաչապատ տարածքը:
Հենց տարածքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հայտարարեց, որ տվյալ տարածքում ծառերը կտրելու թույլտվություն չկա:
Իր հերթին ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունը դադարեցրել է հիշյալ կազմակերպության ինքնակամ շինարարական գործունեությունը, քանի որ կառուցվող շինության համար բացակայում են օրենքով նախատեսված փաստաթղթային հիմքերը, և առկա է միայն նախկին մանկապարտեզի շենքը քանդելու թույլտվություն:
Նախարարների ու պատգամավորների ստուգայցի օրը Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն տարածեց Նալբանդյան 106/1 հասցեում ընթացող աշխատանքների առնչությամբ, որով հայտնեց, որ «նշված քանդման աշխատանքների թույլտվության համար հիմք է եղել «Հասարակության և պետական կարիքների համար՝ սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 09.09.2010թ. հ. 1258–Ն՝ «Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» որոշման համաձայն 21.10.2010թ. Երևանի քաղաքապետի և «Ավագշին» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի բաղադրիչ մաս հանդիսացող բազմահարկ բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու չափորոշիչները հաստատող ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախնական առաջարկը, ՍՊԸ-ի տնօրենի հայտը և հայտին կից ներկայացված քանդման աշխատանքների նախագիծը»։
Դեռևս մարտի 23-ին Երևանի քաղաքապետարանը տարածքի բնակչությանը գրավոր տեղեկացրել էր, որ «վերը նշված բակային տարածքի կառուցապատման նախագծային փաստաթղթեր դեռևս մշակված և համաձայնեցված չեն»:
Ստուգայցի հաջորդ օրը, ամենայն հավանականությամբ կառուցապատողի կողմից, գիշերը տարածքում փակցվում են կառուցվող շենքի մակետը և տվյալներ կառուցապատող ընկերության մասին:
Այսպիսով, Նալբանդյան 106/1 հասցեում.
1. Կառուցապատողը թույլատվություն է ունեցել կատարելու միայն քանդման աշխատանքներ' համաձայն քաղաքապետարան ներկայացրած քանդման աշխատանքների նախագծի, սակայն իրականացրել է նաև կառուցման, տվյալ պարագայում' հողային աշխատանքներ նույնպես, ինչի իրավունքը չի ունեցել:
2. ՀՀ քաղաքաշինության նախարարի հայտարարությունը ապացույց է նրա, որ կառուցապատողը դուրս է եկել թույլատրված գործունեության' քանդման աշխատանքների շրջանակներից, իրականացրել է ապօրինի շինարարական գործունեություն, և դրա ապացույցն է այն, որ պահանջվել է դադարեցնել ապօրինի գործունեությունը:
3. Չունենալով Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված ու հաստատված կառուցապատման նախագիծ, ինչը պահանջում է նաև նախօրոք կազմակերպված հանրային լսումներ և ստացված բնապահպանական եզրակացություն' «Ավագշին» ՍՊԸ-ն արդեն իսկ ազդարարել է, թե ինչ է կառուցում, ինչն օրենքի խախտում է:
4. Չունենալով տարածքում առկա բազմամյա ծառերը հատելու թույլտվություն' որոշ ծառեր, տարածքի բնակիչների պնդմամբ, արդեն իսկ հատվել են, իսկ որոշները' լրջորեն վտանգվել' անմիջական հարևանությամբ կատարված հողային աշխատանքների հետևանքով:
Վերոգրյալի հիման վրա Ձեզ ենք դիմում հանցագործության մասին հաղորդմամբ' խնդրելով քրեական գործ հարուցել վերը նշված ապօրինությունների փաստերի առնչությամբ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել