HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ

Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։

«Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար: Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչումը ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ նշանավորում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման 20-ամյակը:

Նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի: Գոհունակություն հայտնելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության վրա հիմնված առանձնաշնորհյալ միջպետական հարաբերությունների առնչությամբ՝ զրուցակիցներն ընդգծել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ:

Տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարն անդրադարձել են հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքներին և առաջիկա նախագծերին։

Արտգործնախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Կարևորվել է ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս առնչությամբ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության հայատյաց գործողությունների և Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կիրառման սպառնալիքների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

Որպես ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, երկուստեք կարևորվել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ջանքերի իրականացումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter