
Բարձրագույն դատական խորհուրդն այցելել է դատարաններ
Այսօր՝ ապրիլի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամների հետ աշխատանքային այցեր է կատարել Վերաքննիչ քրեական և քաղաքացիական դատարաններ, վարչական դատարան: Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Խորհրդի անդամները դատարաններում ծանոթացել են շենքային պայմաններին, աշխատակազմերի և գրասենյակների աշխատանքին, հանդիպումներ ունեցել դատարանների դատավորների հետ: Կայացած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են արդարադատության արդյունավետության բարելավման հետ կապված մի շարք հարցեր:
Դատարանների նախագահները և դատավորներն իրենց հերթին ներկայացրել են դատավորների ծանրաբեռնվածության, սոցիալական երաշխիքներին, դատարանների նյութատեխնիկական հագեցվածության վիճակին առնչվող խնդիրներ, ոլորտում առկա բացերի հաղթահարման առաջարկություններ ներկայացրել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել