HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք։

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի և համաշխարհային պատմության ամենաողբերգական և արյունալի էջերից մեկն է: 1915-1923թթ. Թուրքիայի կողմից իրականացված այս զանգվածային հանցագործության հետևանքով ավելի քան 1.5 միլիոն հայ սրի մատնվեց, շուրջ երկու միլիոնը բռնատեղահանվեց: Հայ ժողովուրդը զրկվեց իր պատմական բնօրրանի և մշակութային ժառանգության մեծ մասից: Հայոց եղեռնը պատմության մեջ պետականորեն նախապես ծրագրված և հետևողականորեն իրականացված առաջին ցեղասպանությունն էր:

Հայերի ցեղասպանությանը հաջորդեց Թուրքիայի մյուս ժողովուրդների՝ հույների, եզդիների, քրդերի, ասորիների և այլ էթնիկ խմբերի ցեղասպանությունը, կոտորածը և տեղահանումը: Ավելի քան մեկ դար առաջ հայ ժողովրդի դեմ իրագործված այդ ոճրագործության վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքների և գնահատականների բացակայությունը հիմք ծառայեց հետագայում նմանատիպ հանցագործությունների կրկնության համար։

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում հրեական Հոլոքոստը և նացիստների կողմից իրականացված սլավոնական ժողովուրդների, գնչուների ու այլ ազգերի ցեղասպանությունը դրա վառ վկայությունն են։ Թուրքիան ոչ միայն հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև հետևողականորեն խոչընդոտում է նաև այլ երկրներում դրա ճանաչմանն ուղղված գործընթացը։

Ավելին, այսօր էլ այդ երկրի ղեկավարությունը շարունակում է հայ ժողովրդի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությունը, ինչի վառ օրինակ է Թուրքիայի ավելի քան ակտիվ մասնակցությունն Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի նախապատրաստմանը և բուն ռազմական գործողություններին, որոնք ուղեկցվել են միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։

Թուրքիայի և Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը, նրանց պանթուրքական և ծավալապաշտական ծրագրերը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Մենք հետևողական ենք լինելու Մեծ եղեռնի միջազգային ճանաչման, դատապարտման և պատմական արդարության վերականգնման գործում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter