
Թուրքիայի նախագահը կայցելի Վրաստան. ժամկետները դեռևս հայտնի չեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Վրաստան, սակայն ժամկետները դեռևս համաձայնեցվում են։ Այդ մասին գրում է «Грузия Online»-ը՝ հղում անելով Վրաստանի առաջին ալիքին։ Վերջինիս փոխանցմամբ նման հայտարարություն արել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Ջերեն Յազգանը։
Թուրք դեսպանի խոսքերով՝ թուրքական կողմը Վրաստանի կառավարության հետ սպասում է ժամկետների վերաբերյալ պայմանավորվածությանը։ «Երբ Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան 2018 թվականին ժամանեց Թուրքիա, բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվեցին, որ Թուրքիայում պետք է կայանա բարձր մակարդակով ռազմավարական խորհրդի նիստ, որին պետք է մասնակցեին Թուրքիայի և Վրաստանի կառավարությունների անդամները։ Դրանից հետո նախագահ Էրդողանը գարնանը պետք է ժամաներ Վրաստան, սակայն սկսվեց համավարակը և ամեն ինչ փակվեց։ Ես դեռևս չգիտեմ, թե երբ կկայանա այդ հանդիպումը, բայց ինձ համար մեծ պատիվ կլինի, եթե իմ երկրի նախագահը, որքան հնարավոր է շուտ, ժամանի Վրաստան, քանի որ մեր երկու երկրների ռազմավարական գործընկերությունը շարունակվում է»,- նշել է Վրաստանում Թուրքիայի դեսպանը։
Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել Էրդողանի այցը։
Լուսանկարում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Վրաստանում Թուրքիայի դեսպան Ջերեն Յազգանը/ Վրաստանի ՊՆ մամուլի ծառայություն
Մեկնաբանել