HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արմեն Աջամյան. «Երջանիկ ես, երբ հրետակոծությունից հետո ընկերդ արձագանքում է կանչիդ»

Պատերազմ գնացող այս տղամարդկանց լուսանկարները նայելիս, առաջին միտքը, որ անցնում է սակայն խուսափում ես բարձրաձայնել՝ արդյո՞ք բոլորն են վերադարձել: Նայում ես ժպտացող դեմքերին ու փորձում հասկանալ, թե ով ինչ էր թողել թիկունքում եւ հանուն այդ թողածի, ինչերի էր պատրաստ: «Մենք շատ քիչ զոհ տված գումարտակներից ենք եղել: Այ, էս նկարում ովքեր որ պատկերված են, բոլորը հետ են եկել,-Արմենն ինձ է մեկնում սեղանին դրած նկարներից մեկը,-իսկ, այ էս լուսանկարում մեր շարքերից մեկ հոգի բացակա է՝ Մարտինն է Ձորի մայլից, երեք երեխա որբ թողեց»:

Զրուցակիցս հոգոց է հանում: Գյումրեցի 26-ամյա Արմեն Աջամյանը մասնակցել է արցախյան 44-օրյա պատերազմի, որպես կամավոր ու հետ վերադարձել՝ առանց լուրջ վիրավորումների: 

«Պատերազմը շատ բան է փոխում մարդու կյանքում, մտածողության մեջ, վարքագծում: Քաղաքացիական կյանքում հնարավոր է նույն երեւույթին ուրիշ ձեւ նայես, պատերազմի ժամանակ հաստատ ուրիշ է: Գիտե՞ք ինչն է հետաքրքիր, հերտակոծությունն օր կպրծներ, խրամատից կելնեի, աջ ու ձախ կնայեի, կգոռայի՝ Վահա՜ն, Ռուսա՜լն, ու երբ, օր կըսեին՝ հա՛, ստեղ ենք, չեք պատկերացնե, թե ինչ ուրախություն կապրեի ու, անկախ ինձնից, կսկսեի բարձր ձենով խնդալ: Ես էդ տիպի ապրումներ մենակ պատերազմի դաշտում եմ ունեցել,-ասում է Արմենը,-մեզի երեւի ամեն օր, ամեն ժամ մահին սպասողը կհասկնա, էն որ մահից երկու քայլ էն կողմ հլը կաս: Պատերազմից հետո մեր ջոկատի տղաներով հաճախակի կհավաքվինք: Ճիշտ է, լիաթոք չենք ուրախանա, բայց էն, օր հետ ենք եկել, էն օր կանք, կապրինք՝ արդեն ուրախություն է»:

Սերը զինվորական գործի հանդեպ Արմենի մեջ ծնվել էր ֆիլմերից: Ասում է՝ խորապես ազդված է եղել ռուսական «Սպեցնազ» սերիալից, իսկ հետագայում՝ Մոնթե Մելքոնյանի կյանքի ու պայքարի պատմություններից: Ընտանիքի միակ տղան է, տատ ու պապի պահած-մեծացրած, եւ զինվորական դառնալու ցանկությունն առաջինը ոչ թե մոր, այլ հենց պապի դիմադրությանն է հանդիպել: Սակայն դա չի խանգարել, որ 2009թ-ին, 14 տարեկանում, ընդունվի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան: Երեք տարի անց արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ուսանող էր: Երկրորդ կուրսից փորձել է ուսումը շարունակել արտերկրում, սակայն ֆիզիկական որոշակի խնդիրների պատճառով, հայտը մերժվել է: 

«Մեր երկրում եւ դրսում զիվորական գործ ուսանելու չափանիշները տարբեր են: Նույն Ֆրանսիայում ռազմական ակադեմիա ընդունվելու համար դու պիտի 100 տոկոսանոց առողջ լինես, անգամ փոքր խնդիրները կարող են խանգարել քեզ: Ես քննությունները հանձնել էի, ու հնարավորություն կար ուսումս շարունակելու կամ  Օմսկի ռազմական մոտոհրաձգային ինստիտուտում, կամ Ֆրանսիայում, բայց չեղավ»,-նկատում է զրուցակիցս:

2016թ-ին Արմենը մասնակցում է ապրիլյան քառօրյա պատերազմին: 2017թ-ին ավագ լեյտենանտի կոչումով թողնում է զինվորական կարերիան: 2020թ-ի սեպտեմբերի 27-ին, առանց մեկ վայրկայն տատանվելու, կրկին զինվորագրվում է հայրենիքի փրկության գործին:

«Ոչ մի վայրկայն չեմ տատանվել ռազմաճակատ մեկնելուց՝ ո'չ ապրիլյանի ժամանակ, ո'չ էլ էս պատերազմի: Սեպտեմբերի 27-ը կիրակի էր ու քիչմ ուշ ելա քնիցս, տեսնիմ տատս աչքերը լցրած հեռուստացույց կնայե, ու ինքը սեց, որ պատերազմ է սկսվել: Ես միանգամից գնացել եմ Գյումրու զինկոմիսարիատ, որ կամավորագրվեմ: Հետո գնացի ընկերոջս տուն, ասի՝ ես գնում եմ, դու մերոնց կողքին կլինես: Զինկոմիսարիատում ականջիս կպավ, որ ժամը 16-ին մեքենա կա գնացող: Ինձ չէին կանչել, բայց ես էդ ժամին ընդեղ էի, ու երեք հոգի չէին ներկայացել, մենք 3 ընկերով իրանց տեղը գնացինք»:  

Արմենի տատը՝ 70-ամյա Նվարդ Ավետիսյանն այդ օրը լավ է հիշում: Թոռը տանից դուրս եկավ առանց որեւէ բան ասելու, հետո մի քանի ժամից զանգեց հայտնելու, որ գնում է Արցախ: «Կըսեմ, ախր ու՞ր կերթաս, բալե'ս, ինչի՞ կերթաս: Ըսեց՝ տա՛տ, տարբերակ չկա, բդի էրթամ, դու հանգիստ էղի,-պատմում է տիկին Նվարդը,-էրթալուց հետո էլ ոչ զանգ, ոչ բան, օրերով չէր զանգե, երբ էլ կզանգեր՝ կըսեր, տատ, մի մտածե, ես Կիրովական չաստն եմ: Ես էլ կհավատայի, ինչ իմանայի, թե կխաբեր: Բայց մորը ճիշտը կսեր, մորը զանգելուց ըսել է ուր է, ընձի խնայել է»:

Սեպտեմբերի 27-ին կամավորականների խմբին, որի մեջ էր Արմենը, Գյումրիից տանում են Վանաձորի զորամաս: Հաջորդ օրը շարժվում են Արցախ, սկզբում՝ Աղդամ, հետո Մատաղիս: «Մենք առաջադրանք ստացանք պաշտպանել Մատաղիս գյուղը: Գյուղը մնացել էր մեր ու ադրբեջանցիների արանքում: Որ բլրի վրա, որ մենք էինք, էդտեղ երբեք դիրքեր չէին եղել ու մենք զրոյից խրամատ ենք փորել մի քանի ժամում: Մենք առաջադրանք էինք ստացել ամեն գնով պահել էդ նոր դիրքը, որ թշնամին մեր թիկունք չթափանցի: Ու ասեմ, որ հիմա սահմանը որ գծված է, հենց մեր պահած դիրքով,-Արմենի ձայնում հպարտություն է զգացվում,-մի բան էլ ասեմ, մեր գումարտակն էն հազվագյուտներից է եղել, որ զոհերի դիակները չի կորցրել, նկատի ունեմ՝ բոլորին հանել ենք, թշնամու մոտ չի մնացել, ու մեր վիրավորն էլ արնաքամ չի եղել: Գումարտակից տաս զոհ ենք ունեցել, մեր 30 հոգանոց խմբից մեկ հոգի է զոհվել: Ես կանտուզիա եմ տարել, որը ճիշտն ասած բավական ուշ եմ ջոկել: Մեր խրամատի վերեւը ֆուգասային արկ էր պայթել, դրա պայթյունի հետեւանքով, եթե պառկած չես էղնի, թոքերդ կտրաքցնե, մենք պառկած էինք, ուղղակի հողը տվեց վրեքս»:

Հոկտեմբերի 15-ին հերթափոխ է եղել եւ Արմենը վերադարձել է Գյումրի: Հերթափոխից հետո նրանց խումբը չի հասցրել հետ գնալ Արցախ, քանի որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությունը:

«Հմի ցավն էն է, որ էդքանի միջով անցանք, բայց էսօր մեր տղեքից 90 տոկոսի վրա քրեական գործ կա հարուցված: Պատճառաբանում են, թե պատերազմից հետո՝ մինչեւ դեկտեմբերի 17-ը, զորամաս չեք ներկայացել, եղել ենք փախուստի մեջ, բայց մենք դեկտեմբերի 5-ին զենք ենք հանձնել, մատյանում ստորագրել ենք: Մեզ դասալիք են համարում, որ չենք ներկայացել զորամաս պատերազմից հետո: Մեզ ռազմի դաշտից փախուստի համար չեն մեղադրում: Մեղադրանքը վերաբերում է զորամաս չներկայանալուն,-պնդում  է Արմենը,-էս խնդիրը համատարած է ու մենակ Վանաձորի զորամասում չէ»

Արմենը պատմում է, որ կամավորագրված զինակից տղաներից Վահանը պարտքով ՌԴ մեկնելու տոմս է գնել, սակայն օդանավակայնում նրան հայտնել են, որ քրեական գործի պատճառով չի կարող լքել երկիրը: Մյուս ընկերը՝ Անդրանիկն արդեն իսկ Ռուսաստանում է, արտագնա աշխատանքի է մեկնել, սակայն նրանից պահանջում են հետ վերադառնալ՝ զգուշացնելով, որ միջազգային հետախուզում կհայտարարեն: 

Արմենը նպատակ չունի լքել Գյումրին: Ցանկանում է սեփական գործը հիմնել, ասում է՝ «ես կսիրեմ, որ միշտ բարձր նշաձող դնեմ ու հասնեմ դրան»:

Հիմա մասնակցում է Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի վեբ ծրագրավորման վեցամսյա անվճար դասընթացներին: Լավատես է, հույս ունի, որ նոր մասնագիտական գիտելիքների շնորհիվ նոր կյանք է սկսելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter